Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում նոր հոլովակ է հրապարակել՝ նկարահանումների բարդ շրջանի մասին։

Հոլովակին կից նա գրել է.

««Երջանկության մեխանիկա» համանուն ֆիլմը ստեղծվեց ցավի ու հուսահատության շաղախից: Ողբերգական 2020-ի ամենածանր պահերին, երբ ապրելու ոչ ուժ, ոչ ցանկություն չկար, քամում էինք մեր միջից էն խորքերում մնացած հույսը, կամքը, ու ամայացած աշխարհում ողջ մնացած ու իրար գտած երեխեքի պես շնչում, ապրում իրարով ու ֆիլմում ստեղծած կյանքով: Ստվեր էի… էստեղ մարմին առա…. Ես չգիտեմ դուք ինչ տեսնեք կամ ինչ կզգաք, բայց էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ… ներսումս կուտակվածը շատ է, ոչ էստեղ կտեղավորվի, ոչ էլ որևէ էջում։ Նայեք ուղղակի»,– գրել է Նազենին և հատուկ շնորհակալություն հայտնել Հրաչ Քեշիշյանին, որ կարողացավ կյանքի կոչել նախ՝ իրենց, հետո ֆիլմը։

«Սա ֆիլմ է ընկերության, սիրո, հավատարմության ու դավաճանությունների մասին, հետպատերազմյան հոգեվիճակի, փշրված երջանկության ու լավատես մարդկանց մասին մի մեծ պատմություն է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր խոսք, ժեստ ու հայացք: 2020-ից հետո երջանկությունն այլևս նույնը լինել չի կարող: Երջանկության մեխանիկան խախտված է: Սա տրակտատ է ներկայի մասին: Վայելեք դերասանական լավ խաղ, խորն ու իրական էմոցիաներ, այնպիսին, ինչպիսին մենք ապրել ենք ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում՝ 2020-ի դաժան դեկտեմբերից մինչև այսօր»։