Երգչուհի Սիրուշոն կատարեց Dorians խմբի «Ես կուլամ»-ը, իսկ Գոռ Սուջյանը երգեց «Պռեգոմեշը» Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրի ընթացքում: Սա ամենամեծ անակնկալն էր, որ նրանք մատուցեցին հանդիսատեսին: Եւս մեկ ուրիշը Սիրուշոյի «Հավատում եմ» երգի ռոքային տարբերակն էր, որը ստացվեց երգչուհու եւ Dorians խմբի երաժիշտների համատեղ ուժերի շնորհիվ:

Համերգը բացեց Dorians-ը, որի մենականատար Գոռ Սուջյանը փորձեց դահլիճին հաղորդել իր տրամադրությունն ու հույզերը: Հայկական ամենահայտնի ռոք խմբի երգացանկում ընդգրկված էին հին ու նոր կատարումներ: Առաջին մի քանի երգի ընթացքում հանդիսատեսը կարծես քնած լիներ: Սակայն երբ հնչեց եվրատեսիլյան «Lonely planet»-ը, բոլորը ոչ միայն ոտքի կանգնեցին եւ սկսեցին ձայնակցել Սուջյանին, այլ նաեւ երկար ծափահարում էին: Կարծես, հաջողություն էին մաղթում Dorians-ին:

Դահլիճն իսկապես արթնացավ Սիրուշոյի բեմ բարձրանալուց հետո: Երգչուհու առաջին կատարումը կարծես եվրատեսիլյան թեմայի շարունակությունը լիներ: «Qele, qele» -ն մատուցվեց բարձր մակարդակով եւ համեմվեց «Բերդ» պարային համույթի անկրկնելի համարով:

Եւս մեկ անակնկալը Սիրուշոյի կողմից. տաս տարեկան հասակում Վահագն Մարտիրոսյանի նվագակցմամբ իր կատարումը: Պարզվեց, ժամանակը ոչինչ չի փոխել, բացի երգից: Այս անգամ երգչուհին հայտնի երաժշտի օգնությամբ կատարեց իր Insight-ը:

Համերգային ծրագրում համադրվեցին ռոք եւ փոփ ոճերի, ինչպես նաեւ ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը ուղեկցվեց պարային եւ լուսային շոու ծրագրով: