Տաք եղանակների գալստյան հետ, գարնանային վառ արեւի տակ նկատելի են դառնում բոլոր այն փոփոխությունները, որոնց ձմռան ընթացքում ենթարկվել է մեր մաշկը. նոր կնճիռներ, չորություն, գունատություն: Ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ: NEWS.am STYLE-ին իր դեղատոմսերն է ներկայացրել մաշկաբան Ալինա Խոդիկյանը:

«Նախ հիշեք մի պարզ կանոն. աշխատեք օրական նվազագույնը 2 լիտր հեղուկ խմել:

Ջանացեք, որ ձեր սննդակարգում շատ լինեն վիտամինները, մրգերը, աղցանները: Դա անմիջապես բարենպաստ ազդեցություն կունենա մաշկի վրա: A վիտամինի պակասի հետեւանքների դեմ պայքարում կօգնի միկրոմասնիկներով կիսավիտամինային կոմպլեքսի ընդունումը: Խորհուրդ է տրվում նաեւ 3-4 շաբաթ ընդունել retinol (A վիտամին)՝ օրական 33000-50000 МЕ չափաբաժնով:

Եթե մաշկը դարձել է ավելի չոր ու գրգռված, օգտակար է ջրով դեմքի լվացումը փոխարինել երիցուկի թուրմով կամ երիցուկի եւ լորենու ծաղիկների խառնուրդով մաշկի մաքրմամբ: Իսկ փողոց դուրս գալիս օգտագործեք պաշտպանիչ քսուքներ:

Գարնանը երկար ժամանակ դրսում անցկացնող կանանց, դեմքի չորության զգացողության առաջացման դեպքում, խորհուրդ է տրվում մաքուր դեմքին չոր խոտերից պատրաստված թուրմի մեջ թրջած անձեռոցիկներ դնել: Այն պատրաստելու համար հարկավոր է խառնել 3 բաժին լորենու ծաղիկ, 2 բաժին երիցուկ, 1 բաժին վարդի թերթիկներ, 1/2 բաժին անանուխի տերեւներ: Ստացված 2 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր:

Երեկոյան կարելի է դեմքին քսել թթվասեր կամ կեֆիր՝ բուսական յուղի հետ խառնած: Ավելի լավ է այն լվանալ թեյի կամ շալֆեի (եղեսպակ) թուրմով, այնուհետեւ մաշկին սնուցող կրեմ քսել:

Կրեմը կարելի է պատրաստել ինքնուրույն, հետեւյալ բաղադրատոմսով.

2 թեյի գդալ լանոլին, 0.5 թեյի գդալ մեղրամոմ, 1 թեյի գդալ կակաոյի յուղ, 4 թեյի գդալ զեյթունի ձեթ, 1 թեյի գդալ ջուր: Այս ամենը հալեցնել գոլորշու վրա, լավ խառնել, սառեցնել, եւս մեկ անգամ խառնել եւ ավելացնել 50 կաթիլ A, 20 կաթիլ D, 50 կաթիլ E վիտամինի յուղ»: