Օրեր առաջ Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան դարձավ «Մանկական Եվրատեսիլ 2020»-ի հաղթողը, բայց քանի որ մրցույթի մանկական տարբերակում կանոններն այլ են, դեռեւս պարզ չէր՝ արդյոք հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվեր հաղթող երկրում: Այսօր, սակայն, Եվրոպայի հեռարձակողների միությունն ու France Televisions-ը հաստատել են, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը տեղի է ունենալու Ֆրանսիայում: Այս մասին գրում է եվրատեսիլյան հայտնի՝ Wiwibloggs կայքը:
«Ես շատ ուրախ եմ, որ France Televisions-ն է զբաղվելու Ֆրանսիայում «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի կազմակերպչական աշխատանքներով»,-նշել է France Televisions-ի տնօրեն Դելֆին Էռնոթ Կունչին:
«Վալենտինան հրաշալի է ներկայացրել մեր երկիրն ու հաղթել «Եվրատեսիլ 2020»-ում, հետեւաբար ակնհայտ էր, որ Ֆրանսիան պետք է հաջորդ տարի հյուրընկալեր մրցույթը: Սա մեզ համար նոր նախաձեռնություն է, որն ընդգծում է այն կարեւորությունը, որով France Televisions-ը կապված է «Եվրատեսիլի», ԵՀՄ-ի եւ Եվրոպայի հետ: Եկեք հուսանք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը տեղի կունենա նորմալ պայմաններում եւ այն հրաշալի տոնախմբություն կդառնա շատ եվրոպացիների համար»,-հավելել է նա: