Կատակերգու Գարիկ Խարլամովը «Դե սպասիր» մուլտֆիլմի վերաթողարկված տարբերակում կհնչյունավորի Գայլին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Սոյուզմուլտֆիլմ»-ի գլխավոր պրոդյուսեր Յուլյա Օսետինսկայան հայտնել է, որ գայլի վերջնական կերպարն ընտրվել է տասնյակ տարբերակներից։

«Մեզ համար ակնհայտ էր, որ «Դե սպասիր»-ի վերաթողարկված տարբերակում Գայլին վառ, խարիզմատիկ տեմբռ է հարկավոր, բացի այդ՝ դերասանը պետք է հարյուր տոկոս ճանաչելի լինի ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակ լսարանի շրջանում, ինչպես նաեւ բացառիկ կատակերգական տաղանդ ունենա»,- դերասանի ընտրությունը մեկնաբանել է ստուդիայի գլխավոր պրոդյուսերը։

Մուլտֆիլմի վերաթողարկման մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2019թ.-ի նոյեմբերին։ «Դե սպասիրի» նոր տարբերակը մշակված է 3D ձեւաչափով, ծրագրված է 52 սերիա։ Ավելի վաղ «Սոյուզմուլտֆիլմի» տնօրեն Բորիս Մեշկովցեւը հայտնել է, որ Գայլը նոր էպիզոդներում ծխախոտ չի ծխի։ Ստուդիան նաեւ ցույց է տվել մուլտսերիալի նոր հերոսների կերպարները՝ գորշուկ Տիմին, ոզնի Շուին եւ այծյամ Ուլյային։