Մոդել Քայա Գերբերն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, նշում է ծննդյան 19-ամյակը: Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի եւ գործարար Ռենդի Գերբերի գեղեցկուհի դուստրը վաղ տարիքից արդեն փայլել է այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսին են՝ Vogue-ը, Teen Vogue-ը եւ Pop Magazine-ը: Իր առաջին գովազդային արշավում Քայան նկարահանվել է 10 տարեկանում, որը Versace-ի մանկական հավաքածուի համար էր: 2017-ից Գերբերն ակտիվ մասնակցություն է ունենում հանրահայտ բրենդների նորաձեւության ցուցադրություններին: Առաջին անգամ գեղեցկուհուն բացահայտել են Ռաֆ Սայմոնսի Calvin Klein հավաքածուի ցուցադրության ժամանակ: Աղջիկն աշխատում է նաեւ այնպիսի խոշոր բրենդների հետ, ինչպիսիք են՝ Marc Jacobs, Burberry, Alexander Wang, Prada, Chanel, Saint Laurent, Alexander McQueen եւ Versace:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երիտասարդ մոդելի տարբեր հարցազրույցներից մեջբերումներ:

«Մարդիկ սպասում են, որ դու անընդհատ պետք է մի ինչ-որ զիլ բան անես, բայց չէ՞ որ նորմալ կյանքում այդպես չի լինում»:

«Եթե սոց-կայքերում կիսվում ես միայն քո լավագույն լուսանկարներով կամ փոփոխում ես դեմքդ, իրական կյանքում քո արտաքինի վերաբերյալ մարդկանց կարծիքները քեզ սարսափեցնում են»:

«Ոչ ոք չի կարող անընդհատ կատարյալ տեսք ունենալ, եթե, իհարկե, նա սուպերհերոս չէ»:

«Շատերն են ինձ հարցնում, թե մայրս ինձ հետ ինչ խորհուրդներով է կիսվել՝ կապված մոդելային աշխարհի հետ. իրականությունն այն է, որ այն, ինչ նա ինձ սովորեցնում է ավելի խորն է, քան ինչպես ճիշտ դիրք ընդունել լուսանկարվելիս կամ ցույց տալ իմ լավագույն ռակուրսը»:

«Ես 5 րոպեում կարող եմ պատրաստվել ու տնից դուրս գալ, բայց առավոտյան անկողնուց վեր կենալն ինձ մոտ հավերժություն է տեւում»:

«Մոդել լինելու ամենամեծ առավելությունն ինձ համար տարբեր մարդկանց հանդիպելն է: Չեմ կարծում, թե կա մեկ ուրիշ աշխատանք, որը հնարավորություն է տալիս այդքան շատ բան սովորել այդքան տարբեր մարդկանցից: Ինձ դուր է գալիս նոր հարաբերություններ ստեղծելը»:

«Իմ կյանքում չկա մի օր, երբ ես կարող եմ հանգիստ նստել ու ոչինչ չանել»:

«Ես սոցիալական կայքերի իմ էջերն այնպես եմ վարում, որ դրանք հնարավորինս մոտ ներկայացնեն իմ անհատականությունը: Միայն այդպես մարդիկ կարող են տեսնել, թե ով եմ ես իրականում եւ որն է իմ հաղորդագրությունը»:

«Իմ ծնողներն ինձ սովորեցրել են, որ միշտ մնամ այնպիսին, ինչպիսին կամ եւ հետեւեմ իմ բնազդներին»:

«Ինձ համար անչափ կարեւոր է լավ օրինակ լինել երիտասարդ աղջիկների համար, որպեսզի նրանց մայրերն էլ ցանկանան, որ իրենց դուստրերը հենց այսպիսին լինեն»:

«Մոդելինգն այն է, ինչով ես զբաղվում եմ ազատ ժամանակ. այն ինձ զվարճացնում է, հաճույք է պատճառում, եւ ես երբեք դրան չեմ նայում՝ որպես աշխատանքի: Ես եմ ընտրել դրանով զբաղվել»: