Նորմալ տղամարդու առաջին նշանն, իմ կարծիքով, անձնական վախերի դեմ պայքարելու ունակությունն է: Ես չեմ պնդում, թե տղամարդը վախենալու իրավունք չունի, ու նրանցից ցուցադրական հերոսություն չեմ ակնկալում: Տղամարդիկ հաճախ են վախենում բժիշկներիից, փող չունենալուց, անկողնային անհաջողություններից, ավտովթարներից եւ այլն եւ այլն: Բայց կարգին տղամարդը ատամները սեղմած կգնա բժշկի (չսպասելով մինչեւ իրեն շտապ օգնության մեքենայով տանեն), կսովորի գումարը խնայողաբար ծախսել կամ էլ ավելի շատ փող վաստակել, հարբած վիճակում ղեկի մոտ չի նստի, կընդունի, որ երբեմն սեքսում վրիպակներ լինում են, ու վերոնշյալ բոլոր հարցերի լուծումը կհամարի իր անձնական, այլ ոչ թե շրջապատի խնդիրը:

Նորմալ տղամարդու երկրորդ տարբերակիչ նշանը իմ կարծիքով ֆիզիոլոգիայի նկատմամբ հանգիստ վերաբերմունքն է: Ես նկատի չունեմ նրանց, որոնք շաբաթական մեկ անգամ եմ լողանում ու համարում, որ քրտինքն ու սխտորը լավագույն աֆրոդիզիակն են: Ես նկատի ունեմ նրանց, ովքեր սարսափահար չեն լինում, երբ կնոջ մոտ հանկարծակի դաշտան է սկսվում, կամ էլ երեխայի մոտ՝ լուծ կամ սրտխառնոց: Իմ սեփական փորձից դատելով՝ հենց չզզվող տղամարդիկ են որպես կանոն հրաշալի սիրեկաններ լինում, քանի որ նրանք կնոջ մարմինն ընդունում են այնպիսին, ինչպիսին այն կա՝ չհարմարեցնելով իրենց սեփական բակտերիոֆոբիայի սահմանափակումներին:

Երրորդ նշանը կնոջ ու տղամարդու հոգեբանությունների տարբերությունն ընկալելն է: Նրանք գիտեն, որ մենք զգացմունքային արարածներ ենք, ավելի բարդ ու շատ իմաստներով՝ անկանխատեսելի: Եվ պարզապես մեզ հնարավորություն են տալիս լինել այնպիսին, ինչպիսին մեզ բնությունն է ստեղծել, եւ ոչ թե պահանջների ու դժգոհությունների ցանկ են ներկայացնում: Ինչո՞ւ: Որովհետեւ հենց դա է սեռերի շփման ամբողջ հմայքը, եթե մենք իրար նման լինեինք, էլ ի՞նչ հետաքրքրություն կլիներ:

Կարգին տղամարդու չորրորդ նշանը հստակ գիտակցումն է, թե ինչ է ինքն ուզում տվյալ պահին: «Հիմա ես քաղցած եմ, հիմա ես քնել եմ ուզում, հիմա ես հոգնած եմ: Մի ժամից կգնամ աշխատանքի, իսկ երեկոյան ժամը 11-ին կվերադառնամ տուն, սա իմ վերջին բաժակն է»՝ որոշում է եւ անում: Տարբեր իրավիճակներում նման մարդիկ արագ կողմնորոշվում են, թե որ կողմից է պետք բացել խնդիրների կծիկը, ու նրանց դժվար է ապակողմնորոշելը: