Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Սասեքսի դուքսերին արգելել է Sussex Royal առեւտրանիշն օգտագործել իրենց նախագծերով փող վաստակելու համար: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը փորձել են Sussex Royal առեւտրանիշը գրանցել մի շարք այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են հագուստի, գրասենյակային պիտույքների, գրքերի եւ ուսումնական ձեռնարկների սեփական շարքի վաճառքը: Բացի այդ, նրանք ցանկանում էին բացել Sussex Royal, The Foundation of the Duke and Duchess of Sussex (Սասեքսի դուքսի եւ դքսուհու հիմնադրամ) բարեգործական կազմակերպությունը: Մասնավոր խոսակցության ընթացքում թագուհին, արքայազն Հարրին եւ Մարքլը համակարծիք են եղել, որ իրենց անհրաժեշտ է ռեբրենդինգ անցկացնել: Զույգը համաձայնել է, որ տիտղոսներից եւ թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո Sussex Royal բրենդի օգտագործումը հարցերի տեղիք կտա հասարակության մեջ: Արդյունքում որոշում է ընդունվել, որ Սասեքսի դուքսերն իրենց նախագծերը, այդ թվում՝ պաշտոնական կայքը եւ բարեգործական հիմնադրամը, կգրանցեն նոր անվանումով: