Կիրթ մարդը նաև սեռական բնազդները ճիշտ և քաղաքակիրթ կառավարող անձն է: Սեռական կյանքն ինտիմ ու անձնական տարածք է, ուր ներթափանցելու իրավունքը միայն զուգընկերներինն է:  Սա նրբանկատության ու պատասխանատվության ոլորտ է: Ոմանք պարզապես համակողմանի դաստիարակության արդյունքում են հասնում սեռականապես կիրթ վիճակին: Եվ կան մարդիկ, ովքեր միևնույն է աննրբանկատ են, պատշաճ չկրթված ու չտեղեկացված՝ անկախ կրթական ցենզից: Սեռական դաստիարակության նրբությունները քննարկել ենք սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ:

-Բժիշկ Հակոբյան, սեռական դաստիարակության մասին բազմիցս  է խոսվում: Շատերն այս թեման չարչրկում են, որոշները քաղաքական դիվիդենտներ պտտեցնում: Ի վերջո, ո՞րն է սեռական դաստիարակության այն նուրբ սահմանը, որը ընդունելի է որպես բժիշկ, որպես հայր և որպես քաղաքացի:

-Սեռակրթությունը միջոցառումների մեթոդոլգիայի մի համալիր է, որի արդյունքում ունենում ենք ճիշտ ձևավորված անհատ, ով ունի ճիշտ պատկերացում սեռական կյանքի նկատմամբ:

Պետք է ունենանք անհատ, ով պատասխանատվությամբ է վերաբերվում սեռական կյանքին: Տարաբնույթ կարծիքներ կան, սեռակրթությունը դա ընհանուր կրթության բաղադրիչ է, կարևոր է, որ սեռակրթության պրոցեսն իրականացնեն մանկավարժները: Մանկավարժները պետք է սեքսոլոգիական համապատասխան գիտելիքներ ստանան նեղ մասնագիտական սեմինարների ժամանակ: Այս կրթությունն անհրաժեշտ է  իրականացնել սեռակրթության տեսանկյունից կարևոր ժամանակաշրջանում:  Կարծում եմ 12-13 տարեկան հասակը բարենպաստ է, սակայն մինչ այդ ընտանիքն իր մեծ դերն ունի այդ հարցում: Ընտանիքում է սկսվում սեռակրթությունը, սա համալիր գործընթաց է: Կարևոր է, թե՛ ծնողների, թե՛ մանկավարժների օժտվածությունն այդ գիտելիքներով: Այսօր ապատեղեկատվությունը շատ-շատ է, որի արդյունքում կարող են առաջանալ սեռական խանգառումներ:

-Որտե՞ղ է ծայրահեղությունը՝ ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել սեռական անկրթությունը:

-Սեքսոլոգիական խնդիրները գալիս են մանկությունից: Սեռական կյանքի մասին հիգենիայի գիտելիքների բացակայությունը, կամ սխալ գիտելիքները խնդրահարույց են հետագայում առողջ սեռական կյանք ունենալու համար: Վաղաժամ հղիությունը, տարաբնույթ սեռավարակներով հիվանդանալը ևս սեռական անկրթության արդյունք է: Ճիշտ սեռակրթություն ստանալու դեպքում անհատը միանշանակ կխուսափի այս դեպքերից: Զույգային, ամուսնական կյանքի ընթացքում լինում են խնդիրներ, որոնք գալիս են սեռակրթության ժամանակ ստացած ապատեղեկատվությունից:

Ի դեպ, իմ փորձից ելնելով պետք է նշեմ, որ մարդկանց մոտ պատասխանատվության զգացումը բարձացել է, ինչպես սեփական, այնպես էլ դիմացինի սեռական առողջության նկատմամբ, որը զարգացվածության մասին:

Որո՞նք են այն տարրական սեռական սխալները, որոնք հանգեցնում են սեքսոլոգիական խնդիրների, և որոնց Դուք հաճախ եք հանդիպում ձեր պրակտիկայում:

-Օրինակ աղջկա վախն առաջին սեռական հարաբերության նկատմամբ, քանի որ լսել է ծանոթներից, որ սեռական հարաբերությունը ցավոտ է: Առաջանում է վախ, վագինիզմ, որն էլ խնդիր է դառնում առաջին ամուսնական գիշերը:

Երբ անկախ իր կամքից տեղի է ունենում հեշտոցամկանների կծկում և հանգեցնում է կուսական ամուսնության, որը կարող է ամիսներ կամ տարիներ տևել:

Նույնը կարող է վերաբերել տղամարդկանց, մտայնություններ սեռական օրգանների անատոմիական չափի, տևողության մասին: Երբեմն լինում են սխալ պատկերացումներ, որի հետևանքով չռեալիզացված սեռական ֆանտազիաների, կամ օբյեկտիվ իրականության առճակատման արդյունքում առաջանում են լրջագույն խնդիրներ: Ամուսնական աններդաշնակ հարաբերություններ  կարող են առաջանալ նաև սեռական զույգերի՝ սեռական հարաբերությունների ռիթմի վերաբերյալ տարբեր պատկերացումների պատճառով: Սեքսուալ խնդիրներն էլ շատ հաճախ պատճառ են դառնում ամուսնալուծությունների:

-Սեքսոլոգին ցուցված այցի ուշացումն ու հետաձգումը որպես կանոն, ի՞նչ խնդիրների է բերում:

-Ունեցել ենք դեպք, որ վագինիզմի պատճառով զույգը սեռական կյանքով չի ապրել 8 տարի, 8 տարի անց միայն դիմել են բժշկի: Երբեմն գալիս են տարիքով մեծ ամուսնական զույգեր, որոնց և՛անօրգազմիան, և՛ վաղաժամ սերմնաժայթքումը կարելի էր բուժել, սակայն չեն դիմում մտածելով որ խնդիրն ինքնիրեն կկարգավորվի: