«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հրապարակավ խոստովանել է, որ ֆոտոշոփ է օգտագործել ընտանեկան լուսանկարում: Այս մասին նա պատմել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսի (The Ellen DeGeneres Show) հաղորդման եթերում:

Օրեր առաջ հեռուստաաստղի Instagram-ի էջում հայտնվել էր մի լուսանկար, որտեղ նրա ամբողջ ընտանիքն էր՝ ամուսինը և չորս զավակները՝ աստիճաններին նստած։

Դեջեներեսի հետ զրույցի ընթացքում Քարդաշյանը պատմել է, որ ավագ դուստրը՝ Նորթը, այդ օրը տրամադրություն չուներ և հրաժարվել է լուսանկարվել ընտանիքի մյուս անդամների հետ։ Հաջորդ օրը, նա հայտարարել է, որ շատ է ուզում ներկա լինել լուսանկարում։ Բայց համաձայնել է լուսանկարվել միայն մայրիկի հետ։

Քիմը ստիպված նորից հրավիրել է լուսանկարչին, որը առանձին լուսանկարել է նրանց երկուսին, այնուհետև Քիմը ֆոտոշոփի միջոցով դստեր լուսանկարը կտրել և տեղադրել է ընդհանուր ընտանեկան լուսանկարում։