Հավկիթները համարվում են օգտակար մթերք՝ սպիտակուցների և օգտակար միկրոտարրերի բարձր պարունակությամբ։ Բայց որոշ հիվանդությունների դեպքում ձու ուտելը ցանկալի չէ, հավաստիացնում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

«Գոյություն ունի անհատական անմարսողություն, մարդկանց մոտ բավական հաճախ ալերգիա է լինում։ Ձու չի կարելի օգտագործել նաև նրանց, ովքեր խիստ բարձր խոլեստերին ունեն։ Մի կողմից՝ ձվի մեջ կա լեցիտինով կոմպենսացված խոլեստերին։ Առողջ մարդու վրա ձուն որևէ բացասական ազդեցություն չի գործում, քանի որ լեցիտինը թույլ չի տալիս, որ այն նստվածք տա անոթների պատերին, բայց հիվանդ մարդը ձվի դեղնուցն արդեն խիստ զգույշ պետք է օգտագործի»,- ասել է սննդաբանը։

Մասնագետի խոսքով՝ անոթները ախտահարված են նաև դիաբետով պացիենտների մոտ, ուստի նրանց նույնպես արժե սահմանափակել ձվի օգտագործումը։

Ձուն կարող է վնասակար լինել նաև նրանց համար, ովքեր տառապում են ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ և թթվային ռեֆլյուքսով. ձվի օգտագործումը կարող է առաջացնել այս հիվանդությունների սրացում։

Ձվի դեղնուցը ունի լեղամուղ ազդեցություն, ուստի չարժե չարաշահել այն լեղաքարային հիվանդության ժամանակ։

Ինչ վերաբերում է թթվային ռեֆլյուքսին, ապա ձուն խստորեն հակացուցված չէ, պարզապես կարևոր է չուտել այն ընթրիքին (ոչ ուշ, քան քնից 3 ժամ առաջ), քանի որ հորիզոնական դիրքում կերակրափող թթվի արտազատման ռիսկը մեծանում է։

Սննդաբանի խոսքով՝ մինչև մեկ տարեկան երեխաներին չի կարելի ձու տալ, իսկ մեկ տարեկանից հետո կարելի է տալ դեղնուցի մեկ քառորդը։

Քանի որ սպիտակուցն ու դեղնուցը տարբեր սննդային արժեք և սննդակազմ ունեն, սննդաբանները հաճախ խորհուրդ են տալիս հետևյալ հարաբերակցությունը. 1 դեղնուց և 3 սպիտակուց։ Այսպիսի ձվածեղը չի վնասի և լավ կկշտացնի։

med.news.am