Քահանա Վյաչեսլավ Բասկակովը, ով սոցցանցերում հայտնի է դարձել Gucci և Louis Vuitton ապրանքանիշների հագուստներով իր լուսանկարներով՝ բանավոր նկատողություն է ստացել Տվերի թեմի կարգապահական հանձնաժողովից: Այս մասին TASS- ին պատմել է հասարակության հետ հարաբերությունների մասով թեմական բաժնի ղեկավար Սերգեյ Դմիտրիևը:

«Ես կասեի, որ դա նրա կողմից զուտ չարաճճիություն էր, նա հարուստ մարդ չէ: Նրան ասել են, որ այլևս դա չանի: Նրա դեմ ուրիշ որևէ բռնաճնշումներ չեն եղել: Նա ինչ-որ ինտերնետ-վաճառքի տեղերում փնտրում է ինչ-որ օրիգինալ իրեր: Իսկ այս դեպքում նա ներս է մտել՝ հագուստը փորձելու ու ինչ-որ մեկը նկարել է: Իսկ առհասարակ, նա քայլում է ձեռնափայտով: Մարդուն դուր է գալիս լինել XIX դարի կերպարանքով», – ասել է ավագ քահանան:

Դմիտրիևը նաև ավելացրել է, որ քահանա Բասկակովը մասնագիտությամբ պատմաբան է, հետաքրքրվում է արտառոց իրերով:

Հիշեցնենք, որ քահանա Վյաչեսլավ Բասկակովը Instagram-ի իր էջում տեղադրել է դիզայներական հագուստի խանութներում և թանկ ռեստորաններում լուսանկարներ: Եկեղեցում նշել են, որ քահանայի սերը բրենդային աքսեսուարների և սոցիալական ցանցերի նկատմամբ իրականում չի խախտում կանոնական նորմերը, սակայն, միևնույն է, հարցեր է առաջացնում:

pastinfo.am