Կառավարության որոշմամբ Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի համար ձեռք կբերվի 2 անզգայացման-վերակենդանացման սարք՝ միավորը 5.1 մլն դրամ գնով:

Այդ նպատակով հոսպիտալի արտաբյուջետային միջոցների տարեկան 10.0 մլն դրամ ծախսերը, ի հաշիվ տարեսկզբի մնացորդի, նախատեսվում է ավելացնել՝ 3.4 մլն դրամով, սահմանելով՝ 13.4 մլն դրամ:

Բացի այդ, առաջարկվում է «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածը նվազեցնել 0.9 մլն դրամի չափով, «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածը՝ 3.2 մլն դրամի չափով և տարեսկզբի՝ 3.4 մլն դրամ մնացորդի հետ ավելացնել «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված 2.7 մլն դրամ հատկացումները, այն սահմանելով 10.2 մլն դրամ:

Այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի բնականոն գործունեությունն ապահովելու հանգամանքով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հոսպիտալի արտաբյուջետային միջոցների գծով ծախսերը կազմում են 10.0 մլն դրամ, որից 7.3 մլն դրամը, 73%-ը նախատեսվել է ընթացիկ, իսկ 2.7 մլն դրամը, 27 %-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման ծախսերի գծով: Նշված միջոցների տարեսկզբի մնացորդը 3.4 մլն դրամ է:

Հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի 5 միավոր անզգայացման- վերակենդանացման սարքերը շահագործվում են դեռևս 90-ական թվականներից և թե՛ ֆիզիկական մաշվածության, թե՛ ֆունկցիոնալ հնացածության պատճառով գործնականում սպառել են գործածության ժամկետներն ու ռեսուրսը: Շահագործվում են խափանումներով՝ պարբերաբար ենթարկվելով նորոգումների, խաթարելով հոսպիտալի բնականոն գործունեությունը:

Ընթացիկ տարվա վերոնշյալ ծրագրով սահմանված ծախսերի նախահաշվով նախատեսվել էր ձեռք բերել 1 միավոր անզգայացման-վերակենդանացման սարք՝ 2 660.0 հազ. դրամ գնով: Սակայն ինչպես հետագայում պարզվեց՝ նախահաշվային գինը թերագնահատված է, քանի որ նախատեսվող սարքավորումն այդ գնով հնարավոր չէ ձեռք բերել: