1. Ավարտե՞լ եք ձեր նախկին հարաբերությունները

Ոչ թե ձեւականորեն եք կտրել կապերը բոլոր նախկին տղամարդկանց հետ, այլ իսկապես ներել եք նրանց: Եթե ոչ, ե՛ւ անցյալի վիրավորանքը, ե՛ւ հիասթափությունները դեռ կխանգարեն ձեզ, մի՛ շտապեք: Հակառակ դեպքում հին խնդիրները կկանգնեն նոր զգացմունքի ճանապարհին, եւ դրանք կսկսեք լուծել արդեն այլ հարաբերություններում: Իսկ ձեր ապագա ամուսինն արդյոք պե՞տք է պատասխան տա նախկին տղամարդկանց մեղքերի համար:

 

2. Պատրա՞ստ եք լինել այնպիսին, ինչպիսին կաք

Այնպիսին, ինչպիսին ձեզ գիտեն ձեր կատուն ու վաղեմի տնային բույսը, այլ ոչ այնպիսին, ինչպիսին ձգտում եք ներկայանալ առաջին ժամադրության ժամանակ: Ընտանեկան կյանքը երկարատեւ է, եւ տարիների հետ «դեմքը պահելն» առանձնապես դժվար է դառնում: Եթե պատրաստվում եք ամուսնանալ, համոզվեք, որ ձեր ընտրյալը ձեզ ճանաչում է հենց այնպիսին, ինչպիսին կաք:

 

3. Ձեր տղամարդկանց համար ակնկալիքների սահմա՞ն եք նշում

Եթե մինչեւ հիմա ասում եք՝ «միայն հաջողակ, առատաձեռն, բարի եւ կապույտ աչքերով», ապա զարմանալի չէ, որ նա չի հայտնվում: Տղամարդը տեխնիկական բնութագրերի հավաքածու չէ, այլ մարդ, որը ցանկացած պահի հաջողակից կարող է շարքային դառնալ, իսկ հետո՝ հակառակը: Նա նույնպես իրավունք ունի ժամանակ առ ժամանակ բարկանալ եւ չկատարել հերթական քմահաճույքը: Եվ, ամենակարեւորը, նա ամենեւին էլ պարտավոր չէ համապատասխանել ինչ-որ մեկի ակնկալիքներին:

 

4. Պատրա՞ստ եք փոխվել

Դառնալ ավելի զիջող, համարձակ եւ վճռական, համբերատար ու հանգիստ: Համատեղ կյանքը շատ շուտով փոփոխություններ կպահանջի, որոնք ընդունելու գլխավոր պայմաններից են ճկունությունն ու հանգամանքներին հարմարվելու ունակությունը: Ուղղամիտ եւ անկոտրում կանանց համար սա ամենադժվար բանն է: Նրանց դժվար է հասկանալ, որ հանուն ընտանիքի փոխվելն ու բռնակալ ամուսնուն հարմարվելը տարբեր բաներ են: