«Լինել շիկահեր, դա հրաշալի է: Կարծում եմ՝ 40 տարեկանում կինն իր գեղեցկության բարձրակետում է, իսկ դրանից հետո առավել գեղեցիկ եւ սեքսուալ է դառնում. ես ինձ հրաշալի եմ զգում»,-այսպես է կարծում ժամանակի ամենասեքսուալ կանանցից մեկը համարվող Պամելա Անդերսոնը, ով ծնվել է 1967թ.-ի հունիսի 1-ին կանադական Լեդիսմիտ քաղաքում:


Մայրը աշխատել է որպես մատուցողուհի, իսկ հայրը վառարաններ է վերանորոգել: Ապագա աստղը փոքր հասակից տարված է եղել մարմնամարզությամբ, խաղացել է վոլեյբոլ: 1985թ.-ին ավարտելով դպրոցը՝ Պամելան տեղափոխվում է Վանկուվեր եւ սկսում դասավանդել ֆիզկուլտուրա: Պամելայի հանրաճանաչ դառնալու ճանապարհին իր «գործն» է արել տեսախցիկը: Ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ, երբ Պամելան հագած է լինում կարճ ֆուտբոլային շապիկ, օպերատորը նրան նկարում է խոշոր կադրով: «Բոլոր այն տեղերում, որ ես հայտնվել եմ, մարդիկ առաջինը ուշադրություն են դարձրել կրծքերիս»,- պատմում է դերասանուհին:

 

Այդ նկարահանումից հետո, տեսնելով Պամելայի շքեղ լուսանկարները, նրան առաջարկում են նկարահանվել գարեջրի գովազդում: Գովազդային գործակալությունները գրանցում են մեծ հաջողություններ, իսկ Պամելան ստանում է նորանոր առաջարկներ՝ մեկը մյուսի հետեւից: Նույն տարվա հոկտեմբերին նրան անգամ առաջարկում են նկարահանվել «Playboy» ամսագրի համար: Ամսագրի շապիկի համար նախատեսված այդ նկարահանումներն ունենում են գլխապտույտ հաջողություններ:

 

1990թ.-ին Պամելան տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ էլ հենց սկսում է նկարահանվել հեռուստատեսային շոուներում: 1991թ.-ին նա ստանում է փոքրիկ դեր՝ «Վերանորոգում տանը» հեռուստասերիալում: Հաջորդ տարի Պամելային առաջարկում են գլխավոր դեր՝ «Մալիբուի փրկարարները» կինոնկարում: Հենց այդ ֆիլմն էլ Անդերսոնին բերում է մեծ ճանաչվածություն, իսկ նա համարվում է ԱՄՆ սեքս-խորհրդանիշը: «Սեքսը մարդուն դարձնում է իրական»,-ասում է Պամելան:

 

Դերասանուհու համար տարբեր նախագծերում ու սերիալներում հանդես գալը դառնում է մշտական, իսկ ինքը՝ Պամելան, հայտնվում բոլորի ուշադրության կենտրոնում: 2009թ.-ին Անդերսոնը հանդես է եկել նաեւ թատրոնում ՝ խաղալով Ջինի դերը «Ալլադին» ներկայացման մեջ: «Ես սիրում եմ անել այն, ինչ անում եմ, բայց չեմ սիրում նայել, թե ինչպիսին է արածիս վերջնական արդյունքը »,- խոստովանում է նա:


Դերասանուհին մասնակցել է մի շարք նորաձեւության մրցույթների, նկարահանվել հայտնի դիզայներների գովազդային գործակալություններում: Անդերսոնը ծավալում է նաեւ բարեգործական աշխատանքներ, օգնում կարիքավորներին, հիվանդներին, պայքարում կենդանիների իրավունքների համար: Դերասանուհու անձնական կյանքն այդքան էլ կայուն չի եղել, երեք անգամ ամուսնացած է եղել, առաջին ամուսնուց' ռոք երաժիշտ Թոմմի Լիյից, ունի երկու որդի: