Ի՞նչ է պետք վերցնել ամառային հանգիստն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Սա կարևոր հարց է այն աղջիկների համար, ովքեր ուզում են թարմացնել իրենց Ինստագրամը ոճային նկարներով և ունենալ հետաքրքիր հանգիստ: BlogNews.am-ն այս թեմայով զրուցել է ոճաբան, հաղորդավար Մադոննա Հարությունյանի հետ, ով առանձնացրել է այսպես ասած must have լուքեր, որոնք կարող են հանգիստ տեղավորվել ձեր ճամպրուկում: «2019-ի ամռան ծովափնյա հանգստի հագուստը պիտի լինի մաքսիմալ հարմարավետ, իսկ հարմարավետությանը եթե ավելացնենք նորաոճ աքսեսուարներ, կստանանք հետաքրքիր կերպարներ»:

Ծովափնյա հանգստի ճամպրուկը դասավորելիս ես խորհուրդ կտամ ավելացնել այս ամռան ամենաթրենդային՝ գիշերազգեստ հիշեցնող զգեստը: Այն կարելի է համադրել ինչպես սպորտային կոշիկների, այնպես էլ դասական կամ ամառային սանդալների հետ: Եթե նախորդ տարիներին գիշերազգեստը նորաձև էր ժանյակային լուծումներով, ապա այս տարի այդ դետալը բացակայում է: Գիշերազգեստը հեշտ է համադրության հարցում:

Ծովափում գտնվելը լավ հնարավորություն է՝ կրելու բոհո ոճի հագուստ: Այն պահանջում է ջինսային կարճ շորտեր, կիմանո, տեխասային ոճի գլխարկ և կոշիկներ:

Մազակալների թրենդն արդեն մեկ տարուց ավելի է՝ կա համաշխարհային նորաձևությունում, բայց քանի որ մեզ մոտ ամեն ինչ մի փոքր ուշ է հասնում, մեր աղջիկները նոր-նոր են սկսել ակտիվ օգտագործել: Իհարկե, այն արդեն դուրս է գալիս համաշխարհային նորաձևությունից, բայց այդ թրենդն ամռանը շատ ակտուալ կլինի հայկական շուկայում: Միանշանակ, այս ամառ աղջիկները կարող են կրել դրանցից:

Ծղոտից գլխարկները միշտ են նորաձև, բայց այս տարի նորաձև են փոքր չափսից մինչև ամենամեծ չափսը: Jacqumeus կոչվող բրենդ կա, որը գլխարկների շատ հետաքրքիր հավաքածու է ներկայացրել, և այս թրենդը եկավ հենց նրանցից: Մոդելները ցուցադրության ժամանակ քայլում էին փոքր պայուսակներով և մեծ, լայնեզր ծղոտե գլխարկներով, որոնք համադրվում են գեղեցիկ նուրբ զգեստների հետ, որոնցից, օրինակ, գիշերազգեստներն են:

Նորաձև են նաև կտորից մազակապիչները, որոնք ավելի ռոմանտիկ տեսք կհաղորդեն կերպարին:

Պայուսակների այս տեսակը կարելի է կրել և՛ ծովափ մեկնելիս, և՛ քաղաքում: Շատ հեշտ են համադրության մեջ․ բեժ գույնի բոլոր տոները հագուստի հետ կարելի է համադրել, խակի կանաչը՝ նույնպես: Ծղոտից պայուսակը հատկապես շատ գեղեցիկ է դիտվում միլիթրի ոճի հետ, և նաև թրենդային է, երբ ծղոտից պայուսակը միակ իրն է: Կարող են լինել սպորտային սպիտակ կեդեր, շատ թեթև զգեստ, որոնց ավելացնում ենք ծղոտից պայուսակ: