Երիտասարդ դերասանուհի Ադրիանա Գալստյանի մոտ վերջին ամիսներին եթերային դադար է։ Համեմատաբար թեթև գրաֆիկը դերասանուհուն հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել նախասիրություններին, այդ թվում՝ երաժշտական անակնկալ պատրաստել իր երկրպագուների համար։

 

Tert.am Life-ի հետ զրույցում Ադրիանան խոսել է ներկայիս զբաղվածության, նոր նախագծերի ու արդեն պատրաստ զուգերգի մասին։

«Հեռուստատեսային այս դադարը պայմանավորված է ոչ միայն հանգստով, այլև հետաքրքիր այլ նախագծերում հանդես գալով։ Ներկայումս փոքրիկների և պատանիների հետ պատրաստում ենք կոմերցիոն նոր նախագիծ՝ Fashion Battle և համերգային ծրագրեր։ Սա թիմային հետաքրքիր աշխատանք է, ես ու Բեն Ավետիսյանը թիմերի ղեկավարներն ենք։ Նախընտրական փուլը նոր է ավարտվել, առաջիկայում սպասվում է հետաքրքիր և կրեատիվ աշխատանք թիմերի հետ»,- ասաց նա:

 

Գաղտնիք չէ, որ դերասանուհին սիրում է նաև երգել, ավելին՝ հաճախել է երաժշտական դպրոց։ Նա հասցրել է ժամանակ տրամադրել նաև այս նախասիրությանը, այնպես որ, Արդիանայի երկրպագուները շուտով հնարավորություն կունենան գնահատելու նրա զուգերգը։

«Մինչև 15 տարեկան հաճախել եմ երաժշտական դպրոց, բայց երգչուհի դառնալու նպատակ, որպես այդպիսին, չունեմ և չեմ էլ ունեցել։ Իմ շատ լավ ընկերներից մեկի հետ զուգերգ ենք պատրաստել և շուտով կներկայացնենք լսարանին։ Հայրենասիրական, թեմատիկ երգ է, որը նախատեսել էինք թողարկել Ապրիլի 24-ին, սակայն որոշ հանգամանքների բերումով չստացվեց։ Այս  գործը ստեղծելու ցանկություն վաղուց ունեինք, արդեն ժամանակն է այն ներկայացնել»,- ասաց Ադրիանան։

Մասնագիտությամբ թարգմանչուհի Ադրիանան շարունակում է նաև դասավանդել և առցանց թարգմանություններ անել։ Նա ընդգծեց, որ իր մասնագիտությամբ միշտ է աշխատել։

Դերասանական ոլորտում գործունեություն ծավալող Ադրիանան այդ ուղղությամբ մասնագիտական կրթություն ստանալու վերաբերյալ իր տեսակետն ունի. «Դերասանությունն ինձ համար ավելին է, քան մասնագիտությունը, այստեղ տաղանդն ու մարդու ներքին էությունը կարևոր հանգամանքներ են։ Իհարկե, խրախուսելի է, որ մարդիկ ջանում են անել լավը, ստանալ համապատասխան կրթություն, սակայն, կարծում եմ` որքան էլ դա նպաստի խաղին, միևնույն է, լավ դերասան կամ դերասանուհի լինելու համար քիչ է։ Եթե նայենք համաշխարհային մակարդակով, անգամ հոլիվուդյան շատ աստղեր մասնագիտական կրթություն չունեն,սակայն դա չի խանգարում նրանց լինել ճանաչված ու սիրված։ Նույնը կարող եմ ասել մեր մասին։ Չնայած Հայաստանը փոքրիկ պետություն է,  ունենք վաստակավոր դերասաններ ու դերասանուհիներ»։

Հարցին` ինքն  իրեն տաղանդավո՞ր է համարում, նա պատասխանեց. «Կարծում եմ` ես չէ, որ պետք է բարձրաձայնեմ իմ տաղանդի մասին. այդ մասին վկայում են գործընկերներս, ռեժիսորները, պրոդյուսերները, որոնց հետ ունեցել եմ համատեղ աշխատանքներ և ամենակարևորը՝ իմ հեռուստադիտողը»։ 

Բացի հեռուստասերիալներն ու սիթքոմերը, Ադրիանան գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու փորձ էլ ունի։ Դերասանուհու խոսքով` գեղարվեստական ֆիլմում աշխատելն իր համար բոլորովին այլ հաճույք էր. «Այնտեղ կա աշխատանքային հստակ դիրքորոշում, այն ավելի պատասխանատու է։ Հենց այդ պատասխանատվությունն է, որ աշխատանքն այդքան հաճելի է դարձնում։ Ես սիրում եմ դժվարություններ, դրանք ինձ միշտ մոտիվացնում են։ Եթե հեռուստասերիալներում հնարավորություն կա հաջորդ  տեսարաններում որոշակի սխալներ շտկել, գեղարվեստական ֆիլմում ընդամենը մեկ հնարավորություն ունես՝ անկախ այն բանից տեսարանը ստանում ես մեկ, թե տասը դուբլից»։

Աշխատանքում դերասանուհին կարևեոորում է նաև համապատասխան հոնորարը։ Նրա խոսքով` որոշակի կետի հասնելու և սեփական պայմանները թելադրելու համար պետք է նվիրվածություն, սեր, մեծ ցանկություն և աշխատասիրություն. «Կարևոր է ոչ միայն զբաղվել սիրած աշխատանքով, այլև լինել գնահատված, ինչի դրսևորումներից մեկն էլ լավ վարձատրությունն է. հետևաբար, պետք է լինի  և՛ լավ աշխատանք, և՛ համապատասխան հոնորար։ Յուրաքանչյուր բնագավառում է այդպես»։