Պարոն Բաբաջանյանին չհաջողվեց կոնկրետ իմ տրամադրությունը «փչացնել», որովհետև այն ամենը, ինչ ինքը ներկայացնում էր, ամաչելու որևէ առիթ չունեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն ուղղած քննադատություններին: Բաբաջանյանը գլխավոր դատախազի ելույթի ժամանակ դահլիճում չէր. «Ցավում եմ, որ ինքը հիմա ներկա չէ: Այսպիսի իրավիճակներում ժողովրդական խոսքեր կան՝ «Երեսը երեսից կամաչի» կամ «ճշմարիտ խոսքը աչքերին նայելով՝ պետք է ասես»:

«Ես հասկանում եմ, որ իմ լիազրություններն այնպիսին են, որ մարդկանց խորն եմ ցավեցնում: Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ պատահական մարդիկ չեն երբեմն, և բավականին լուրջ ռեսուրսներով: Ընդհուպ այնպիսի ռեսուրսներով, որ այս դահլիճում նրանց ձայները կարող են հնչել, բայց դուք իրենց չտեսնեք: Այդ ամեն ինչը հասկանալով՝ քանի դեռ գլխավոր դատախազ եմ, ես անելու եմ այդպես: Այստեղից կհնչի խոսք հետևից ականջներ կերևան, թե ականջները առջևից կլինեն, ես իմ գործն անելու եմ»,- ասաց գլխավոր դատախազը։

Նա պատգամավորին առաջարկեց այդ դեպքերի վերաբերյալ հաղորդում ներկայացնել․ «Առաջարկում եմ, ցանկացած դեպքում, սուտ պատմության համար, ստորագրություն տալով՝ հաղորդում տա ներկայացրած բոլոր դեպքերով: Իսկ ես հանրությանը հաշվետու եմ: Նշած բոլոր դեպքերի վերաբերյալ՝ ես պատասխաններ անպայման կտամ: Հիմա էի պատրաստվում տալ, ցավոք ժամանակը չի հերիքում»,- ասաց գլխավոր դատախազը:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 10-ին ԱԺ-ում Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ պատգամավորների հարցուպատասխանի ավարտին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը մի շարք փաստեր ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործունեությունից, որոնք ըստ նրա՝ վկայում են կոռուպցիայի մասին։