Սան-Պաուլուի (Բրազիլիա) պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք բաց են թողնում նախաճաշը եւ ուտում են քնելուց առաջ, մեծանում է սրտի տագնապից մահվան ռիսկը: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտությանը մասնակցել է միջինը 60 տարեկան 113 պացիենտ, որոնց ախտորոշել էին սրտամկանի ինֆարկտ՝ էլեկտրակարդիոգրամայի ST սեգմենտի (STEMI) աճով: Նրանք մասնակցել են հարցման, որի ընթացքում նշել են՝ նախաճաշել են իրենք արդյոք առավոտյան եւ կերել են արդյոք ուշ երեկոյան (քնելուց երկու ժամ առաջ): Նախաճաշը բաց է թողել կամավորների 58 տոկոսը, ուշ է ընթրել 51 տոկոսը, իսկ երկու սովորությունն էլ դիտվել են 41 տոկոսի մոտ:
Պարզվել է, որ սնվելու երկու առանձնահատկությամբ մարդկանց մոտ մահվան, կրկնակի ինֆարկտի եւ ստենոկարդիայի ռիսկը 4-5 անգամ ավելի մեծ է եղել հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 30 օրվա ընթացքում:
Գիտնականների խոսքով՝ STEMI-ով յուրաքանչյուր հինգերորդ պացիենտը մահանում է մեկ տարվա ընթացքում, ուստի ճիշտ սնվելն արդյունավետ միջոց է հիվանդի հետագա վիճակի կանխատեսման բարելավման համար: Կերակուր ընդունելու եւ քնելու միջեւ ընդմիջումը պետք է լինի առնվազն երկու ժամ, իսկ նախաճաշը պետք է բաղկացած լինի կաթնամթերքից, ածխաջրերից ու մրգերից եւ կազմի կալորիաների ընդհանուր քանակի 15-35 տոկոսը: