Առաջին անգամ Քնի համաշխարհային օրն (World Sleep Day) անց է կացվել 2008 թ. մարտի 14-ին, և' այդ օրվանից ի վեր, ամեն տարի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ծրագրի շրջանակներում անց են կացվում քնի և առողջության հարցերին հարող, օրվան նվիրված միջոցառումներ։ 2013 թ. քնի համաշխարհային օրը նշվում է մարտի 15-ին:

Քունը օրգանիզմի գոյության հատուկ ձև է, ոչ պակաս բարդ' ցերեկային արթուն վիճակից: Ճիշտ ընթացքի քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը, որոնք ծախսվել են ցերեկային ակտիվության ժամանակ: Հենց այդ պատճառով առողջ մարդն արթնանում է թարմ և վերականգնած ուժերով:

Մարդը քնի մեջ անց է կացնում իր կյանքի մոտավորապես մեկ երրորդը: Քնի ընթացքում մեր ուղեղի ակտիվությունն ունի նվազագույն մակարդակ:

Ապացուցվել է, որ երկարատև, քրոնիկ անքնությունը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա՝ պակասում է հումորի զգացումը, դառնում է դյուրագրգիռ։ Կորցնելով քնի ընդամենը 4 ժամը՝ մարդը կորցնում է կենսական ակտիվության 45%-ը: Վատթարանում է հիշողությունը, մեծանում է քրոնիկական հիվանդությունների սրացման հավանականությունը:

Օրվա սննդակարգի ճիշտ կազմակերպումը, քնի ժամանակի բավականաչափ ապահովումն անհրաժեշտ պայմաններ են երկար տարիներ ֆիզիկական և հոգևոր առողջության պահպանման համար:

Այսպիսով'քունը մեր օրգանիզմի առաջնային ու շատ կարևոր գործառույթներից է: Քնելով' մարդը վերականգնում է օրվա ընթացքում սպառած էներգիան, նորից հնարավորություն ստանալով' վարելու ակտիվ ու լիարժեք կենսակերպ:

Այս առիթով զրուցեցինք Հայաստանում առաջինը քնի կարևորությունը արժևորող, Քնի խանագարումների կենտրոնի հիմնադիր, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի հետ։

«Յուրաքանչյուր տարի Քնի համաշխարհային օրը նշվում է ինչ-որ կարգախոսով. իրատեսական է այս տարվա կարգախոսը' «Առողջ քուն, առողջ ծերություն»:

Ուզում եմ ուշադրության արժանացնել շատ կարևոր մի փաստ. սխալ է այն մոտեցումն ու տեսակետը, որ քունը պասիվ գործընթաց է, այսինքն՝ գնում ես քնելու և վերջ: Իրականում քունը մեր կյանքի ամենակարևոր բաղկացուցիչ մասն է, և պասիվ գործընթաց համարելը թյուր կարծիք է, այն պետք է չափազանց արժևորել ու կարևորել մարդու կյանքի ցանկացած փուլում:

Առանձնացնեմ այսօր հրատապված փաստ. մեր դարաշրջանի կյանքի ռիթմը, կամա թե ակամա, զրկում է մեզ' քունը կարևորելուց, հանձինս ներկայիս տեխնիկայի ագրեսիվ ներխուժման, մեր օրերին բնորոշ սթրեսների անբաժան գոյության։ Ուստի փորձենք ապրել այնպես, որ արժանանանք հանգիստ ու առողջ քուն ունենալուն»,- մաղթեց Երևանի գլխավոր սրտաբանը:

Քնի կարևորությանը, խանգարումներին ու հնարավոր խնդիրներին մեզ հետ զրույցում անդրադարձավ ու մանրամասներ ներկայացրեց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի քնաբան Աիդա Մաթևոսյանը:

– Մարտի 15- ը նշվում է որպես քնի համաշխարհային օր. ըստ Ձեզ՝ ո՞ րն է նման օր հռչակելու միտումը:

– Քնի համաշխարհային ասոցիացիայի կողմից օրն առանձնացնելու նպատակն է' բարձրացնել հանգիստ, առողջ քնի առավելությունների, քնի խանգարումների կանխարգելման մասին հանրության տեղեկացվածությունը:

– Քնի ինչպիսի՞ տևողությունն է համարվում բավարար տարբեր տարիքի անձանց մոտ (երեխաների, երիտասարդների, մեծահասակների):

– Ամենատարբեր… Օրինակ' նորածինը պետք է քնի օրական 22 ժամ, որի ընթացքում սինթեզվում է երեխայի աճին նպաստող սոմատոտրոպին հորմոնը: Մեկ տարեկանում արդեն բավարար է համարվում 15-16 ժամը։ Երեխայի մեծանալուն զուգընթաց, հետզհետե, քնի տևողությունը կրճատվում է: Մեծահասակների մոտ նորմալ է համարվում 5-10 ժամյա քունը։ Կան մարդիկ, ովքեր քնելով 5 ժամ, անցնում են քնի բոլոր փուլերով, մյուսները կարող են քնել նույնիսկ 10 ժամ, բայց էլի լիարժեք քնի պակաս զգալ:

– Ընդունված է համարել' հետճաշյա քունը խթանում է ուղեղի աշխատանքը, ուստի' կարելի՞ է ասել, որ այդ քունն անհրաժեշտություն է:

– Ցերեկային քունը կարող է և´ ախտաբանական բնույթ կրել, և´ ունենալ շատ դրական ազդեցություն մարդու մտավոր ու ֆիզիկական գործունեության վրա: 15 րոպեից մինչև մեկ ժամ տևող ցերեկային քունը, անշուշտ, կունենա դրական ազդեցություն թե՛ հանգստանալու, թե՛ ուժերը վերականգնելու առումով, գերազանցելու դեպքում այն կարող է հանգեցնել գիշերային քնի խանգարման և կրել ախտաբանական բնույթ:

– Ինչի՞ կարող է հանգեցնել քնի մշտական պակասը:

– Կարելի է ասել' դա դարի հիվանդություն է։ Մեր երիտասարդությունը հաճախ է խախտում քնի հիգիենան և բախվում քնի խանգարման խնդրին: Քնի պակասը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության, ընկճախտի, գիրանալու, սրտային, շնչառական բազմաթիվ խնդիրների։ Օրգանիզմում քնի ընթացքում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք կարևոր են արթուն ժամանակ ակտիվ կենսակերպի և գործունեության համար: Շատ տարածված է քնի ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը, որի հիմնական դրսևորումներից մեկը' խռմփոցը, բերում է շնչառական օդատար ուղիների նեղացման, արդյունքում թթվածնի մակարդակն արյան մեջ ընկնում է, ի հայտ են գալիս սրտանոթային (սրտի կաթված, զարկերակային գերճնշում, գլխուղեղի կաթված), երիկամային, նյութափոխանակության խանգարումներ և շաքարային դիաբետի զարգացման հավանականության բարձրացում։ Այսպիսով. գալիս ենք եզրահանգման' շնչառական այդ խանգարումը քնի խանգարման տարատեսակ է, որից էլ բխում են թվարկված բարդությունները:

– Ի՞նչ է իրենից ենթադրում քնի հիգիենան:

– Դա մի քանի կանոնների շարք է, որոնց հետևելը ցանկալի է բոլորին: Շատ կարևոր է արթնանալ ու քնել նույն ժամերին, այսինքն' քնել մոտավորապես կեսգիշերին և արթնանալ առավոտյան ժամը 7:00 - 9:00 ժամանակահատվածում: Պետք է պահպանել քնելու և արթնանալու ռիթմը: Առողջ քնի համար անհրաժեշտ պայման է մութ սենյակը. մթության մեջ է սինթեզվում քնի հորմոնը։ Աչքերի վրա մթի ազդեցության շնորհիվ' նյարդերի միջոցով էպիֆիզի ստացած հրահանգի արդյունքում, տեղի է ունենում այդ հորմոնի սինթեզումը, որն էլ ապահովում է հանգիստ քունը: Կարևոր նախապայման է' պառկել քնելու, երբ քնելու ցանկություն է առաջանում: Անկողինը պետք է լինի մաքսիմալ հարմարավետ:

– Փաստորեն կատարյալ մթությունը պարտադիր է…

– Այո՛, և չպետք է վախենալ ննջարանում մթություն ապահովելուց նույնիսկ երեխաների համար:

– Նշեցիք, որ քունը կարող է գիրացման պատճառ լինել, կպարզաբանե՞ք:

– Գիրացումն էլ իր հերթին բերում է քնի խանգարման։ Փորձենք մեկնաբանել. գիրանալիս' մարմնի այլ հատվածներից զատ, ճարպը կուտակվում է նաև պարանոցի շրջանում' մեխանիկական ճնշում գործադրելով և նեղացնելով օդատար ուղիները, որն էլ իր հերթին բերում է թթվածնի մակարդակի իջեցման։ Քնի ընթացքում թթվածնի պակասը պատճառ է դառնում պարբերաբար քնի խորը փուլից անցում ավելի մակերեսային քնի: Արդյունքում քնի խորը փուլի ժամանակահատվածը պակասում է, և այդ ընթացքում սինթեզվող հորմոնների, որոնցից մեկը հենց սոմատոտրոպինն է, սինթեզը խաթարվում է։ Օրգանիզմում առաջանում է նրա դեֆիցիտ, որի դերը ճարպային և սպիտակուցային նյութափոխանակության մեջ նշանակալի է, ուստի' իր ազդեցությունն է թողնում ճարպային նյութափոխանակության վրա։ Ի հետևանք' մարդը սկսում է գիրանալ:

– Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր ստիպված են աշխատել գիշերը:

– Այդ մարդկանց մոտ հետագայում մեծ է անքնությամբ և քնի այլ տարաբնույթ խանգարումներով տառապելու հավանականությունը:

– Քնելու դիրքն ու մարդու առողջությունն ինչքանո՞վ են փոխկապակցված:

– Եթե ոչ մի խանգարում գոյություն չունի, ապա քնելու դիրքը չի կարող էական նշանակություն ունենալ, խնդիր ունենալու դեպքում է առաջանում ավելի հարմարավետ դիրքի ընտրության անհրաժեշտություն։ Այս պարագայում ցանկալի է դիմել բժշկի և ստանալ համապատասխան խորհուրդներ:

– Կան, այսպես կոչված «բու»-եր և «արտույտ»-ներ, ո՞րն է նախընտրելի:

– «Բու»-երն այն մարդիկ են, ովքեր սիրում են քնել ավելի ուշ և արթնանալ' ուշ, «արտույտ»-ները' ընդհակառակը: Կան նաև «աղավնի»-ներ, ովքեր տատանվում են այդ երկուսի միջև: Նախընտրելի, ինչ-որ ընդգծված դրական կամ բացասական կողմեր չկան:

– Այն երազները, որոնք տեսնում ենք, ինչ-որ կապ ունե՞ն մեր քնի և առողջության հետ:

– Երազները տեսնում ենք քնի արագ փուլում։ Եթե մարդը չունի քնի խանգարում, ապա կտեսնի առանց բացասական միտվածության և ագրեսիվ բնույթից հեռու երազներ։ Անհանգիստ քնող մարդիկ գիշերները պարբերաբար արթնանում են, և հավանական են դառնում ագրեսիվ ու բացասական բնույթի երազները: Նման դեպքերում գործ ունենք քնի խանգարման հետ:

– Փորձենք պարզաբանել սննդին և քնին հարող հարցեր. ի՞նչ ուտել կամ' չուտել, քնելուց առաջ:

– Շատ կարևոր է' քնից մի քանի ժամ առաջ չօգտագործել ոգելից խմիչք, ծխախոտ, ծանր ուտելիք, սուր ուտեստներ, մսեղեն նույնպես ցանկալի չէ: Քնելուց առաջ նախընտրելի է կաթնամթերքի օգտագործումը:

– Ձեր խորհուրդն անքնությամբ տառապողներին:

– Պահպանել քնի հիգիենայի կանոնները:

Շողիկ Գալստյան

Աղբյուր' med-practic.com