“Տիգրանի մոլորակը” սերիալում Տիգրանի եւ Արփիի դերակատարների' Գոռ Սահակյանցի եւ Տաթեւիկ Ադումյանի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Այս անգամ մեզ հետ զրույցում իր մասնագիտության, նախասիրությունների ու նպատակի մասին պատմել է Մարիի կերպարը մարմնավորող Անի Խաչիկյանը:

 

Մասնագիտությամբ դերասանուհի չեմ. սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոգիտության բաժնում:

“Տիգրանի մոլորակը” հեռուստասերիալից առաջ խաղացել եմ “Հրեշտակների դպրոց”-ում: Փոքր ժամանակվանից նկարահանվում եմ նաեւ գովազդային հոլովակներում:

Շատ չեմ տարբերվում իմ կերտած կերպարից, բայց որոշ արարքներ, որոնք սցենարիստն է գրում Մարիի համար, սերիալից դուրս չեմ անի: Պարզապես դաստիարակության հարց է:

 

Երազանքներիցս մեկը ռեժիսոր դառնալն էր, որն այսօր արդեն նպատակ է եւ որի իրականացման ճանապարհին եմ:

Այս պահին, անկեղծ ասած, երազանք չունեմ, որովհետեւ այն, ինչ ուզում եմ, ունեմ:

 

Սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր դիտել. ապագա ռեժիսորի համար շատ կարեւոր է գիտակ լինել ընտրած ոլորտում:

Իմ կյանքին վերաբերող բոլոր որոշումներս կայացնում եմ ինքնուրույն: Այդպես է եղել նաեւ մասնագիտության ընտրության դեպքում: Այլ հարց է, թե ծնողներս ինչ խորհուրդներ են տալիս կամ ինչով են օգնում:

Մեծացել եմ մշակույթով հարուստ ընտանիքում' հոգեւոր սնունդ ստանալով ծնողներիս, պապիկ-տատիկիս եւ հորաքրոջս կողմից: Հայրս մասնագիտությամբ օպերատոր է:

 

Շուտ հիասթափվելու տարիքից մեծացել եմ: Ամեն ինչ ռեալ եմ ընկալում, որպեսզի հետագայում հիասթափվելու խնդիր չլինի:

Անձնականս խիստ անձնական է: Չեմ սիրում խոսել այդ թեմայով. այն միմիայն իմ աշխարհն է:

 

Ընկերներ դժվարությամբ եմ ընտրում: Հնարավոր է' մեկ զրույցով շատ ծանոթներ ձեռք բերեմ, սակայն ընկերների հարցում ամեն ինչ հակառակն է:

Շատ եմ կարեւորում մարդու արժեհամակարգը:

Ինձ շրջապատող մարդկանց կարծիքով' սերիալների շնորհիվ հայտնի դառնալուց հետո էլ մնացել եմ նույն Անին: