«Միսս Տիեզերք» տիտղոսակիր Է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ 22-ամյա Դեմի Լի Նել Փիթերսը: Այդ մասին հայտարարվել Է գեղեցկության մրցույթի եզրափակիչի արդյունքների ամփոփումից հետո, որը նոյեմբերի 26-ին ավարտվել Է Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ):

Նել Փիթերսը գործնական վարչարարություն Է ուսումնասիրել ՀԱՀ-ի Հյուսիսարեւմտյան համալսարանում: Նա մասնակցում Է Unbreakable անվանումը կրող ծրագրին, որը կանանց ուսուցանում Է ինքնապաշտպանության տեխնիկան: Մրցույթի ժամանակ պատասխանելով հաղորդավարի հարցին, նա նշել Է, որ «Միսս Տիեզերքի» համար առավել կարեւոր որակը համարում Է ինքնավստահությունը: Նա նաեւ ընդգծել Է, որ տիտղոսակիրը պետք Է կարողանա «հաղթահարել իր վախերը» եւ օգնի մյուս կանանց անելու նույնը:

Հաղթողի թագը Նել Փիթերսի գլխին դրել Է «Միսս Տիեզերք-2016» ֆրանսուհի Իրիս Միտենարը:

Նել Փիթերսը դարձել Է Հարավաֆրիկյան Հանրապետության՝ մրցույթում հաղթանակ տարած երկրորդ հավակնորդուհին: Առաջին «եռյակում» այս անգամ տեղ են գրավել Կոլումբիայի ներկայացուցիչ Լաուրա Գոնսալեսը եւ Ճամայկան ներկայացնող Դավինա Բենեթը: Ընդհանուր առմամբ մրցույթին մանակցել են 92 կանայք: «Միսս Տիեզերք» մրցույթի պատմությունը սկիզբ Է առնում 1952 թվականից: Այն նմանօրինակ չորս ամենահեղինակավոր ստուգատեսներից մեկն Է «Միսս աշխարհ», «Միսս Երկիր» եւ «Միսս Ինտերնեշնլ» մրցույթների հետ միասին:

Մրցույթի հաղթողն ստանում Է թանկարժեք թագը, մեկ տարում անվճար Նյու Յորքում ապրելու իրավունք եւ գովազդային պարտավորագիր, որի շրջանակներում նա շրջագայում Է աշխարհում եւ մասնակցում բարեգործական տարբեր միջոցառումների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: