Ջազը սիրո արտահայտչամիջոց է, այն բացառում է պարտադրանքը. նոյեմբերի 3-ին «Yerevan Jazz Fest 2017»-ի ամփոփիչ ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանը նման կերպ բնութագրեց երաժշտությունը Կուբայից Հայաստան ժամանած հանրահայտ դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան:
 
Փառատոնի փակման համերգային ծրագիրը, որի ընթացքում ելույթներ կունենան նաև Վահագն Հայրապետյանը, Ալեքսիս Ավագյանը, կանցկացվի նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
 
«Ինձ համար մեծ պատիվ է փառատոնին ելույթ ունենալը: Իմ առաջին այցն է Հայաստան, և ես մեծ բավականությամբ եմ հանդես գալու հայ երաժշտասերների առաջ: Կցանկանամ նաև կապ հաստատել հայ ջազմենների հետ»,-ասաց Ռուբալկաբան:
 
Նա ընդգծեց, որ Կուբան ունի ջազի վաղեմի պատմություն, որի ընթացքում դաշնամուրն իր ուրույն տեղն է զբաղեցրել: Ռուբալկաբան շեշտեց, որ դաշնամուրային համերգները մարտահրավերներ են երաժշտասերներին, բայց նաև լավ հնարավորություն դաշնակահարի ինքնությունը, անհատականությունը երևան հանելու, այն ունկնդրին մատուցելու համար:
 
«Սկզբում հարվածային գործիքներ էի նվագում: Հավանաբար, նախախնամություն էր կամ ճակատագիր դաշնամուրն ընտրելը: Զարմանալի է, բայց Կուբայում դաշնակահարների վաթսուն տոկոսը նախկինում հարվածային գործիքներ են նվագել, իհարկե, հակառակն էլ է եղել»,-ասաց երաժիշտը:
 
Գոնսալո Ռուբալկաբայի խոսքով` երաժշտություն ստեղծելիս չի մտածում ձևաչափի մասին, քանի որ ջազը յուրահատուկ է: Կարևոր չէ լատինական, թե այլ ջազ:
 
Նա ընդգծեց, որ համագործակցել է աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող երաժիշտների հետ: «Համերգները, փառատոները դիտարկում եմ իբրև աճելու հնարավորություն: Ես բերում եմ ինչ-որ բան, բայց նաև տանում»,-եզրափակեց երաժիշտը:
 
«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:
 
Փառատոնի կազմակերպիչներն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո փրոդաքշն» ընկերությունը:
 
Փառատոնն իրականացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:
 
Գոնսալո Ռուբալկաբան ջազի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Ծնվել է երաժիշտների ընտանիքում: Ապագա դաշնակահարը և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր քայլերը սկսել է վեց տարեկանից`նվագելով հարվածային գործիքներ: Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի հայտնի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան թողարկել է 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` «Nocturne»-ը և «Land o the sun»-ը արժանացել են «Գրեմմի» մրցանակի: