Ֆրանսիայում հայտնաբերվել է մերկ կնոջ պատկերով նկար, որը, ինչպես ենթադրում են փորձագետները, կարող է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի էսքիզը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ածխով արված դիմանկարը հայտնի է որպես «Մոնա Վաննա» (Monna Vanna)։ Այն 1862 թվականից պահվում է Փարիզից ոչ հեռու գտնվող Շանտիյի քաղաքի Կոնդե թանգարանում և այս ողջ ընթացքում համարվել է այլ նկարչի աշխատանքը։ Սակայն Լուվրի աշխատակիցների կողմից անցկացված մի շարք փորձաքննություններից հետո հայտնվել է հիմք՝ կարծելու համար, որ նկարին դիպչել է դա Վինչիի ձեռքը։

Լուվրի աշխատակից Բրունո Մոտինը հաստատել է, որ «Մոնա Վաննան» արվել է դա Վինչիի կյանքի տարիներին և առանձնանում է շատ բարձր որակով։ Սակայն, նրա խոսքով՝ ուրվապատկերի մի մասը, հավանաբար, պատկանում է այլ գեղանկարչի, քանի որ արվել է աջ ձեռքով, իսկ դա Վինչին ձախլիկ է եղել։