Երբ խորհրդային զորքերը գրավեցին Բեռլինը, գերիների թվում էին նաև Հիտլերի օգնական Օտտո Գյունշն ու անձնական թիկնապահ Հանս Լինգեն: ԽՍՀՄ-ից նրանք վերադարձան միայն տասը տարի անց: Սակայն նրանց բաց թողնելուց առաջ երեք տարի շարունակ ԽՍՀՄ-ում հարցաքննել են այդ երկուսին: Ստալինը ոչ միայն ցանկանում էր վստահ լինել, որ իր գլխավոր հակառակորդը մահացել է, այլև ուզում էր նրա առօրյա կյանքի մասին տեղեկություններ ունենալ:

ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի աշխատակիցները մանրակրկտորեն էին մոտենում հարցին, և 1949 թ. դեկտեմբերին Ստալինը հաստ թղթապանակ ստացավ գերմանացի առաջնորդի կյանքի մանրամասնությունների մասին: 1959 թ. Նիկիտա Խրուշչովը հրամայեց այն 413 էջանոց գիրք դարձնել և տեղավորել ԽՄԿԿ արխիվում: Այս գիրքը գտան Մոսկվայի պատմության ինստիտուտում գերմանացի պատմաբաններ Մաթիաս Ուլն ու Հենրիխ Էբերլեն: Վերջերս այն հրապարակվեց Գերմանիայում «Հիտլերի մասին գիրք» խորագրով:

 

 

Տեղեկությունները, որոնք ստացվել են այն մարդկանցից, ովքեր տասը տարի շարունակ ամեն օրր շփվել են Հիտլերի հետ, ոչ բոլորին կարող էր հայտնի լինել, և պատմաբանների համար ֆյուրերի մասին շատ գաղտնիքներ բացահայտվեցին:

Օգնականի և թիկնապահի խոսքերով՝ Հիտլերը հումորի տարօրինակ զգացում ուներ: Մի անգամ նա կատակեց Եվա Բրաունի շրթներկի վերաբերյալ՝ ասելով, որ պատերազմի ժամանակ շրթներկ պատրաստում են զինվորների դիերից: Երբ Հիմլերը պատմել է Հիտլերին, որ ինքնահավան Գյորինգը քնելուց առաջ մեդալներն ու շքանշանները ամրացնում է գիշերազգեստին, ֆյուրերը ժամերով ծիծաղել է: Այնուհետև պատվիրել է ոսկե և արծաթե փայլաթիթեղներից մեդալներ պատրաստել և նվիրել Գյորինգին: Իր անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանին, ով մի օր հարբած է եղել, Հիտլերը ամենայն լրջությամբ խորհուրդ է տվել մոտիկ չգնալ կրակին, որպեսզի չայրվի:

Չնայած նրա հռետորական մեծ տաղանդին՝ հասարակ թեմաներից ֆյուրերի հետ խոսելը ձանձրալի է եղել: Սեղանի շուրջ նրա խոսելը սահմանափակվում էր միայն կանանց հագուկապը գովելով և ցավալով այն բանի համար, թե ինչքան դժվար է կանանց համար անդադար սանրվածքին և եղունգներին հետևելը:

 

 

Սակայն միշտ չէր, որ ֆյուրերը բարի և անվնաս էր: Մի անգամ նա մեծ խնդիր ունեցավ Մարտին Բորմանի հետ, քանի որ վերջինս հայտնեց, թե չի կարողանում Բերգհոֆի՝ գերմանական ղեկավարի լեռնային նստավայրի համար տասը աղախիններ գտնել: «Ինչպե՞ս թե, - ասել է Հիտլերը՝ շուրթերի արանքում փրփուր հավաքելով, - գրիչի մեկ հարվածով ես մի քանի դիվիզիաներ միանգամից ուղարկում եմ դեպի մահը: Հիմա ի՞նչ է, չե՞մ կարողանում ինչ-որ տասը աղախինների գտնել Բերգհոֆի համար»:

Հիտլերը Բորմանի վրա չափազանց բարկացած է եղել նաև այն ժամանակ, երբ իմացավ, որ նա բուսակեր է ձևանում միայն Բերգհոֆում, իսկ տանը կիլոգրամներով երշիկ և նրբերշիկ է ուտում:

Լինգեն ու Գյունշեն հավատացնում էին, որ Եվա Բրաունը մեծ դեր է ունեցել Հիտլերի և Նացիստական Գերմանիայի կյանքում. ավելի մեծ, քան կարելի է պատկերացնել: Պատերազմից առաջ, երբ իմացել է, որ Եվային ինչ-որ մեկն անվանել է «Հիտլերի պոռնիկ», հրամայել է Եվայի առանձնատան պահակների թիվը կրկնապատկել: Բրաունը հաճախ էր ուղեկցում Հիտլերին: Նրանք ժաերով զրուցում էին սենյակում՝ շամպայնի շիշը սառույցի, շոկոլադի, մրգերի ու կոնյակի հետ միասին սեղանին դրված: Եվայի ձայնը լսելիս բարձրանում էր Հիտլերի տրամադրությունը:

Ֆյուրերը քնում էր հասարակ անկողնու վրա, որի դիմաց միշտ դրված էին լինում հողաթափերը: Ի տարբերություն Եվա Բրաունի, ով քնում էր հաստ վերմակով, Հիտլերը միշտ ծածկվում էր բարակ, զինվորական վերմակով:

Հիտլերն անտարբեր չէր թանկարժեք ճամպրուկների նկատմամբ: Դրանք պատրաստվում էին հիմնականւոմ կոկորդիլոսի կաշվից:

Ադոլֆ Հիտլերը մարդկային հարաբերություններ ստեղծել չէր կարողանում: Ամենից շատ նա սիրում էր Բլոնդի հովվաշանը: Երբ շունը հիվանդանում էր, նա հատուկ սննդակարգ էր մշակում կենդանու համար և ամեն ժամ նրա առողջության վերաբերյալ տեղեկագրեր կազմում:

Պատերազմի ավարտին Հիտլերը վերածվել էր ամբեղջովին հիվանդ մարդու և վերջնականապես կորցրել էր վերահսկողությունը իրադարձություննրի նկատմամբ: Նա ամեն օր հրամայում էր ստուգել թույնի առկայությունը ջրում ոչ միայն ձու եփելու համար, այլ նաև… զուգարանակոնքի ջրում: