Բոլորին հայտնի ասացվածքը խորհուրդ է տալիս. «Նախաճաշը կերեք ինքներդ, ճաշը կիսեք ընկերոջ հետ, ընթրիքը տվեք թշնամուն»: Արդյո՞ք դիետոլոգների տեսակետից դա ճիշտ է: Նախաճաշն օգնում է մեզ արթնանալ, բարձրացնում է տրամադրությունը, իսկ շատերի համար այն կարող է լինել օրվա ընթացքում միակ ժամանակը, երբ կարելի է մեկուսանալ:

Տեղեկություններն այդ հարցի վերաբերյալ իրար հակասող են, առավել ևս, եթե անդրադառնանք աշխարհի ժողովուրդների խոհանոցներին: Օրինակ՝ համաձայն Այուրվեդայի ավանդույթի՝ նախաճաշը պետք է լինի քիչ, թեթև և ոչ շատ վաղ. մեկ բաժակ կանաչ թեյ՝ մեղրով, իսկ եթե դա քիչ է, հետը մի բուռ ընկույզ:

Իտալացիներն իրենց առավոտը չեն պատկերացնում առանց կապուչինոյի և բրիոշի՝ քաղցր բուլկու: Անգլիացու նախաճաշը շատ հեռու է «վարսակաձավարը, սըր» արտահայտությունից և ներառում է հաց, ձու, սունկ, լոլիկ և նույնիսկ լոբի: Ֆրանսիական դասական նախաճաշն իր մեջ ներառում է կրուասան, կարագ, ձու, կոնֆիտյուր, նարնջի հյութ և սուրճ:


Ասածից հետևում է, որ խոհարարական կայուն ավանդույթներ ունեցող երկրներում օրվա ընթացքում ստացած կալորիաների 1/3-ը կամ նույնիսկ 1/2-ն ընդունում են նախաճաշին:
Դիետոլոգները գտնում են, որ կարևորը ոչ թե սննդամթերքների տեսականին է, այլ դրանց հավասարակշռությունը: Այսպես, օրինակ, համարվում է, որ լավագույնն այն է, երբ նախաճաշը պարունակում է օրվա ածխաջրերի չափաքանակի 2/3-ը, սպիտակուցների՝ 1/3 և ճարպերի՝ 1/5-ից պակաս:
Ածխաջրերն առավոտյան օրգանիզմը «վերակենդանացնելու» համար անհրաժեշտ մաքուր էներգիա են: Սակայն առկա է մի կարևոր մանրուք. նախընտրությունը ցանկալի է տալ «դանդաղ» ածխաջրերին, որոնք կան շիլաների (բայց ոչ արագ պատրաստման), մրգերի, բանջարեղենների, ջրիկ կաթնամթերքի մեջ: Դրանք դանդաղ են մարսվում: Հարկավոր են նաև բջջանյութեր և սննդաթելեր: Դրանք կշտացնող են և շատ օգտակար: Պարունակվում են վարսակի և կոպիտ աղացած ալյուրից թխված հացի մեջ:
Սպիտակուցներն ամբողջ օրը կուշտ լինելու զգացողություն են հաղորդում: Դրանք առկա են ձկան, մսի, կաթնամթերքի, ձվի, լոբու, ընկույզի, սունկի մեջ:


Ինչ վերաբերում է ճարպերին, ապա դրանք լինում են հագեցած և չհագեցած: Առավել օգտակար են համարվում վերջինները: Չհագեցած ճարպեր կան ավոկադոյի, նուշի, զեյթունի ձեթի մեջ:
Իսկ ի՞նչ անել, եթե առավոտյան ուտելու ցանկություն չկա: Հարկավոր է ինքներդ ձեզ համոզեք, որ հարկավոր է լսել բանականության ձայնը: Առավոտյան չստանալով անհրաժեշտ էներգիա՝ օրգանիզմը կգտնվի ալարկոտ և քնկոտ վիճակում, մինչև նրան կշտացնեք:
Սուրճի սիրահարներին, որոնք չեն պատկերացնում առավոտն առանց բուրավետ ըմպելիքի, պետք է հիշեցնլ, որ սուրճը էներգիա չի հաղորդում օրգանիզմին, այլ օրգանիզմից դուրս է բերում էներգիայի վերջին պահուստային մնացորդները. արդյունքում շուտ արթնանում ենք, սակայն օրվա ընթացքում արագ հոգնում ենք:
Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս օրը սկսել մեկ բաժակ ջրից: Ջուրը, հայտնվելով ստամոքսում, լվանում է պատերի լորձը, թույները, քայքայման նյութերը և այլն: Առավոտյան խմած ջուրը մաքրում է աղիքները, տաքացնում և աշխատացնում այն: Հաշվի առեք, որ ջուրը խմել հարկավոր է արթնանալուց անմիջապես հետո, հնարավորինս տաք վիճակում, փոքր կումերով: Ուտել կարելի է 20 րոպեից հետո:
Արագ և օգտակար նախաճաշերի բաղադրատոմսերը շատ են:

1. Օմլետ բանջարեղեններով:
4 ձու, 1 դդմիկ, 1 քաղցր պղպեղ, 2 լոլիկ, 1 հատ սոխ, կանաչի, աղ, պղպեղ, բուսական յուղ: Բանջարեղենը կտրել խորանարդիկներով, սոխը տապակել ձեթի մեջ, ավելացնել քաղցր պղպեղ, շարունակելով տապակելը՝ հերթականությամբ ավելացնել դդմիկը, լոլիկը, մանրած կանաչին և փակ թավայի մեջ պահել ևս 1-2 րոպե: Ձուն լցնել բանջարեղենի վրա, հարթեցնել, կափարիչով փակել և թողնել ցածր կրակին, մինչև ձուն կեփվի:

2. Իսկ վարսա՞կը: Օգտակար է և համեղ, եթե ճիշտ պատրաստեք: Դա չի վերաբերում տուփերով շիլաներին, որտեղ գրված է «ուղղակի ջուր ավելացրու»: Շիլան պատրաստվում է ջրով կամ կաթով, իսկ քաղցրության համար ավելացնում ենք մեղր, մի քիչ ընկույզ և չոր միրգ: Ձեր առույգությունն ապահովված է:
Շատ թեթև նախաճաշի սիրահարներին կարելի է առաջարկել կաթնային կոկտեյլ՝ բլենդերով հարած միրգը կաթի հետ, որն ավելի հեշտ է: