«Միսիս Եվրոպա 2017» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մեկնարկն ազդարարվեց:  Այս մրցույթում գնահատվում են ոչ այնքան արտաքին տվյալները, որքան կնոջ դերը ընտանիքում, իր երկրում: Մրցույթի շրջանակներում գեղեցկուհիները պետք է ներկայացնեն նաև «Բռնության դեմ պայքար ընտանիքում» թեմայով զեկույց: Կարող են մասնակցել 20-55 տարեկան ամուսնացած կանայք: Հուլիսի 14 կայացած ասուլիսում հայաստանյան նախընտրական փուլի մեկնարկն ազդարարեցին առաջին վիցե-միսիս Եվրոպա 2016, «Միսիս Եվրոպա 2017» մրցույթի՝ Հայաստանի ազգային տնօրեն Աննա Դեմիրխանյանը և Ազգային ընտրական փուլի կազմակերպիչներից Աստղիկ Բախշիյանը:

«Միսիս Եվրոպա 2017»-ն ուղղակի գեղեցկության մրցույթ չէ, գնահատվում են ոչ այնքան արտաքին տվյալները, որքան կնոջ դերը ընտանիքում, իր երկրում: Մրցույթի շրջանակներում անցկացվում է «Բռնության դեմ պայքար ընտանիքում» խորագրով  ֆորում, որում կանայք հանդես են գալիս զեկույցներով ու ներկայացնում, թե  այդ թեմայի վերաբերյալ ինչ խնդիր կա իրենց երկրում, և ինչպես են նրանք պայքարում: Գեղեցկուհիները կարող են ներկայացնել նաև իրենց տաղանդը ցանկացած ոլորտում»,- ասաց Աննա Դեմիրխանյանն ու նշեց, որ մրցույթին կարող են մասնակցել կանայք, որոնք որևէ ոլորտում կամ գուցե ընտանիքում, տնային տնտեսության մեջ հասել են որոշակի հաջողության: Մրցույթի չափանիշները շատ խիստ չեն:

Նախընտրական փուլում կուսումնասիրվեն կանանց լուսանկարները, որից հետո ընտրված մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու ընտրական փուլին, ժյուրիի անդամները՝ տարբեր ասպարեզներից, կընտրեն միակ մասնակցին, որը կներկայացնի Հայաստանն այդ մրցույթին: Մրցույթին շրջանակներում մասնակիցը պետք է մասնակցի սպորտային մրցույթի, որի համար նախատեսված է առանձին մրցանակ, ներկայանա նաև հայկական տարազով ու երեկոյան զգեստով: Նվերները լինելու են կանացի պարագաներ՝ ադամանդե զարդեր, մուշտակներ, երեկոյան զգեստներ, նկարահանումներ տարբեր ամսագրերում:

Աստղիկ Բախշիյանի խոսքով՝ մրցույթը իրականացվում է արդեն 7 տարի: Նախորդ տարի մրցույթին մասնակցել է 20-30 մասնակից, Հայաստանն այդ տարի մասնակցել է առաջին անգամ:  «Մրցույթը հնարավորություն է տալիս կանանց շփվել միմյանց հետ, փորձի փոխանակում կատարել, լսել մյուսների պատմությունները, ծանոթանալ այլ երկրներում կնոջ դերին»,-ասաց նա ու կոչ արեց կամավորներին աջակցել մրցույթի համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: 

Մրցույթը տեղի կունենա Նովոսիբիրսկում օգոստոսի 15-20-ը: Հայաստանում նախընտրական փուլը կտևի 10 օր: Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են հաղորդագրություն ուղարկել [email protected]