Slaq.am-ը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին' նրանց անցած ճանապարհը, իրականացրած գործունեությունը։ Ներկայացնում ենք պատգամավորին՝ տարբեր տեսանկյուններից։

Այս անգամ ներկայացնում ենք Միացյալ Ազատական Ազգային Կուսակցություն (ՄԻԱԿ) համահիմնադիր, ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանին:

Լևոն Մարտիրոսյանն ԱԺ-ում նորեկ է, նա խորհրդարան է մտել 2012թ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:

Լևոն Մարտիրոսյանն ԱԺ նիստերին մասնակցում է պարտաճանաչ կերպով, 5-րդ գումարման խորհրդարանական նիստերից նա բացակայել է 5 անգամ:

Ըստ parliamentmonitoring.am կայքի, այս ամիսների ընթացքում նա հանդես է եկել ելույթներով և հարցադրումներով:

Նշենք, որ Լևոն Մարտիրոսյանը հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է:

Ստորև ներկայացնում ենք Մարտիրոսյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1976թ. փետրվարի 19-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: 2002թթ.' Մեծ Բրիտանիայի Էսեկսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Միջազգային իրավունքի մագիստրոս:

Մասնակցել է մի շարք ծրագրերի եւ դասընթացների' Ջոն Սմիթի անվան կրթական ծրագիր երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչների համար (2000թ., Մեծ Բրիտանիա), «21-րդ դարի առաջնորդներ» բարձրագույն գործադիր դասընթաց (2003թ., Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց, ԱՄՆ), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության «Ապագայի անհատականություն» քաղաքական ծրագիր (2008թ., Ֆրանսիա): 2008թ. ԱՄՆ պետական դեպարտամենտի հրավերով մասնակցել է ԱՄՆ նախագահի ընտրություններին որպես միջազգային դիտորդ:

Զբաղվել է իրավաբանական մասնավոր գործունեությամբ:

2007թ. հուլիսին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: 2008-2012թթ. եղել է ՀՀ նախագահի օգնական:

2001թ. հիմնադրել է «Երիտասարդ Դեմոկրատների Միություն» ՀԿ-ն, 2003թ.' «Բրիտանական Շրջանավարտների Ասոցիացիա» ՀԿ-ն:

2007թ. Միացյալ Ազատական Ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր է, ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար: Նույն թվականի դեկտեմբերին հրաժարականի դիմումի համաձայն ազատվել է գլխավոր քարտուղարի պաշտոնից: 2007թ. ՄԻԱԿ խորհրդի եւ քարտուղարության անդամ է:

2012թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Լևոն Մարտիրոսյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում' 90 քմ մակերեսով:

Հաշվետու տարվա եկամուտը' 2 մլն 956 հազար 500 դրամ (աշխատավարձ): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ' 895 հազ. ՀՀ դրամ:

Ըստ հայտարարագրի' չունի շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում: