Ինչքան էլ ազատ լինեն մեր ժամանակների սիրային հարաբերությունները, այնուամենայնիվ կա մի կարծրատիպ, ըստ որի' հանդիպման են հրավիրում տղաները: Եթե նա ուշադրություն չի դարձնում քեզ վրա, ապա անցիր գործի, ստիպիր նրան հրավիրել քեզ հանդիպման, իսկ քայլերի հաջորդականությունն իմացիր LADYNEWS-ից:

Որպեսզի ցանկություն առաջացնեք հանդիպելու, պետք է ավելի նուրբ ճանապարհներ գտնել նրան հետաքրքրելու: Ամենափորձված և արդյունավետ միջոցը խոսելն է այն մասին, ինչը նրան հետաքրքրում է: Նախապես իմացիր, թե ինչ հետաքրքրություններ ունի, ինչով է զբաղվում, ինչ չի սիրում և այլն: Հարցրու նրա կարծիքը այս կամ այն հարցի շուրջ, թող քո հետաքրքրասիրությունը հաճելի լինի նրա համար: Նա անպայման կցանկանա քննարկել այդ թեման քեզ հետ նաև մյուս անգամ:

Եթե քեզ չհաջողվի ոչինչ իմանալ նրա հետաքրքրությունների մասին, մտածիր այլ մեթոդ' նրա ուշադրությունը գրավելու համար: Այն պետք է բավականին բնական լինի, որպեսզի ծիծաղելի իրավիճակում չհայտնվես: Հարցրու նրա կարծիքը վերջերս նկարահանված ֆիլմի, երաժշտության կամ գրքի վերաբերյալ: Լսիր նրա կարծիքը մեծ ուշադրությամբ' ցույց տալով, որ այն համընկնում է նաև քո կարծիքի հետ: Բայց մի շտապիր. նրան համոզելու համար գուցե ևս մի քանի այսպիսի հնարքներ պետք գան, մինչև նա վերջապես հասկանա, թե ինչ հետաքրքիր զրուցակից ես դու:

Եթե դուք վաղուց եք ծանոթ, բայց նա չի նկատում քո հետաքրքրվածությունն իրենով, փորձիր ինքդ վերցնել հարաբերությունների ղեկն ու ընդառաջ քայլ անել նրան: Խնդրիր նրան ճանապարհել քեզ դեպի տուն կամ մի փոքր զբոսնել,քանի որ տրամադրությունդ շատ լավ չէ: Օգնություն խնդրիր նրանից: Պատմիր նրան ինչ-որ հետաքրքիր բան, որը կարող է գրավել նրա ուշադրությունը: Բայց մի մոռացիր, որ քո նպատակը նրան խոսեցնելն է: Թող, որ նա նույնպես արտահայտվի: Լիաթոք ծիծաղիր նրա կատակների վրա, հետաքրքրությամբ լսիր կարծիքը: Իրենց լսող կանանց տղամարդիկ ուղղակի բաց չեն թողնում: