Ամռան ընթացքում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ է մաշկը մշտապես պաշտպանել: ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկաբան Սևակ Մկրտչյանը նշեց, որ դա կարևոր է հայաստանաբնակների համար, որովհետև մենք գտնվում ենք ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր գործակից ունեցող տարածաշրջանում:

«Մաշկի պաշտպանությունը անհրաժեշտ է բոլորին, անկախ այն հանգամանքից, ունենք խնդիրներ, թե ոչ: Նրանք, ովքեր ունեն մաշկային խնդիրներ, այդ դեպքում խնամքը պետք է լինի ավելի հետևողական»,-ասաց Սևակ Մկրտչյանը:

Մաշկաբան Իզաբելլա Ավետիսյանը նշեց, որ արևային ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար անհրաժեշտ է կրել գլխարկ, արևային ակնոց, օգտագործել արևապաշտպան քսուքներ:

«Ցանկալի է, որ քսուքներում արևապաշտպան բաղադրիչը բարձր լինի: Ծովում հանգիստը կազմակերպելիս պետք է երկու ժամը մեկ քսուքը թարմացնել: Հատկապես ուշադիր լինել երեխաների նկատմամբ: Պետք է կրեն գլխարկ, ակնոց, երեխան որքան անգամ մտնում է ջուրը և դուրս գալիս, այդքան անգամ պետք է քսուքը թարմացնել: Տուն կամ հյուրանոց բերելուց հետո երեխայի ամբողջ մարմինը անհրաժեշտ է լվանալ, և խոնավացնող քսուք քսել»,-ասաց նա:

Մասնագետները նշեցից, որ շատ կարևոր է քսուքների ճիշտ օգտագործումը: Սևակ Մկրտչյանի խոսքով, սովորաբար քսուքը հետները վերցնում են և լողափին քսում, իրականում, այն պետք է արդեն քսած դուրս գալ տնից կամ հյուրանոցից: Դրանից բացի, քսուքները չպետք է ծովափին արևի ճառագայթների տակ թողնել, հակառակ դեպքում ազդեցությունը կորցնում են:

Սևակ Մկրտչյանն ընդգծեց՝ նույնիսկ քսուք օգտագործելը դեռ չի նշանակում, թե պետք է ժամերով մնալ արևի տակ: Խորհրդուրդ է տրվում արևի տակ լինել առավոտյան ժամերին և ժամը 16:00-ից հետո:

«Ամռանը ամենահաճախ հանդիպող խնդիրը արևայրուքն է: Նման խնդիր հաճախ հանդիպում ենք երեխաների մոտ, ովքեր ավելի շատ են գտնվում արևի տակ: Արևայրուքի դեպքում մարդիկ սովորաբար դիմում են տարբեր միջոցների` ձեթ են քսում կամ մածուն: Ամենալավ միջոցը մաշկի սառեցումն է, այսինք սառը թրջոցներ դնելն է: Խորհուրդ չի տրվում յուղ պարունակող քսուքներ, նյութեր քսել, որովհետև մաշկի վրա շերտ է առաջանում, որ խանգարում է մաշկի ջրափոխանակությանը»,-հավելեց նա: