Օրն ուրախ, հետաքրքիր, մի փոքր էլ զարմանալի էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Եթե հարցնեք՝ ինչո՞ւ զարմանալի, ապա կասենք՝ բեմահարթակին էին Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում էին իրենց ազգային երգն ու պարը:

Միջոցառումը կազմակերպվել էր Մշակույթի նախարարության, ՀՀ Նախագահի խորհրդականին կից ազգային փոքրամասնությունների Համակարգող խորհրդի կողմից:

Այս կերպ մեր երկրում, մեր կողքին ու մեզ հետ ապրող հույներին, հրեաներին, լեհերին, եզդիներին, քրդերին, ասորիներին, ռուսներին ևս մեկ անգամ տրվեց հնարավորություն հանրությանը ներկայացնել իրենց մշակույթը, ինչու չէ նաև՝ պարզապես լավ ժամանակ անցկացնել, իրենց երեխաներին ծանոթացնել այլ մշակույթ կրող ազգերի սովորույթներին, արվեստին:

Միջոցառման ավարտին մի շատ կարևոր փաստ արձանագրվեց. Հայաստանում իրենց ազատ, անկաշկանդ և գնահատված են զգում ազգային փոքրամասնությունները: