Մադեյրայի կղզու (Պորտուգալիա) վրա գտնվող օդանավակայանի  անվանափոխման հանդիսավոր արարողությունը, ի պատիվ երկրի հավաքականի և իսպանական Ռեալի ֆուտբոլիստ Քրիշթիանու Ռոնալդուի` տեղի կունենա մարտի 29-ին, հաղորդում է Daily Mail-ը:

Օդանավակայանի անվանափոխման մասին հայտարարվել էր անցած տարվա հուլիսին: Այն կրելու է “Մադեյրայի օդանավակայան` Քրիշթիանու Ռոնալդու” անվանումը: Կղզու վրա, որտեղ կառուցված է օդանավակայանը` կա նաև ֆուտբոլիստին նվիրված թանգարան, ինչպես նաև տեղադրված է նրա արձանը:

Անցած ուրբաթ օրը օդանավակայանի շենքի ճակատային մասում արդեն տեղադրել էին օդանավակայանի նոր խորհրդանիշը` Մադեյրայում ծնված Ռոնալդուի պատկերով:

Օդանավակայանի անվանափոխությունը նաև բացասական արձագանք առաջացրեց: Մասնավորապես` Պորտուգալիայի Մունիցիպալ իշխանությունների դեպարտամենտը չէր թաքցնում իր դժգոհությունը, քանզի, դեպարտամենտի անդամների կարծիքով` տեղական իշխանությունները գերազանցել են սեփական լիազորությունները:

Բացի այդ, Մադեյրայի մոտ 5 հազար բնակիչներ ստորագրել էին պետիցիա ընդդեմ օդանավակայանի անվանափոխության:

Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստը չէ` ի պատիվ որի օդանավակայան են անվանափոխել: Ավելի վաղ Բելֆաստի օդանավակայանը անվանափոխվել էր ի պատիվ Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող` Ջորջ Բեսթի: