Վիսկոնսինի համալասարանում (ԱՄՆ) աշխատող երկրաֆիզիկոս Սթիվն Մայերսը հնարավոր է համարում Երկրի և Մարսի բախումը մի քանի միլիարդ տարի անց: Այդ լուրը հաղորդում է Scientific American ամսագիրը:

Մայերսը և նրա գործընկերները եկել են այն եզրակացության, որ Արեգակնային համակարգը քաոտիկ համակարգ է, այսինքն` նրա վարքը զգայուն է սկզբնական պայմանների փոփոխությունների հանդեպ: Տվյալ դեպքում դա նշանակում է, որ մոլորակների ուղեծրերի կեպլերյան էլեմենտների նույնիսկ փոքրիկ փոփոխությունները երկար ժամանակ անց կարող են բերել ամբողջ Արեգակնային համակարգի դինամիկայի խոշոր փոփոխությունների:

Գիտնականներին Արեգակնային համակարգում հաջողվել է գտնել քաոտիկ գործընթացների հետքեր: Դրան հասնելու համար մասնագետները երկրաբանական տվյալների օգնությամբ հետազոտել են մոլորակի վրա ընկնող լուսային հոսքի փոփոխությունները: Իրենց հերթին` էներգիայի տատանումները պայմանավորված են մոլորակի ուղեծրի էլեմենտների փոփոխությամբ և բերում են կլիմայի շեղումների:

Գիտնականներին հայտնի էր, որ վերջին 50 միլիոն տարում Երկրի ուղեծիրը 2.4 միլիոն տարի պարբերությամբ փոքր ինչ փոխում է իր ձևը: Մոտավորապես նույն պարբերությամբ նշվում են նաև կլիմայի փոփոխությունները: Սակայն, Կոլորադոյում գտնված ժայռանմուշների կյանքի տևողության ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մոտավորապես 85 միլիարդ տարի առաջ նշված պարբերությունը կազմում էր 1.2 միլիոն տարի:

Կլիմայի փոփոխությունների պարբերության կրկնապատկումը գիտնականները կապեցին Երկրի և Մարսի փոխազդեցության հետ: Նրանց կարծիքով նման երևույթները բնորոշ են քաոտիկ համակարգերին:

Մասնավորապես` դա նշանակում է, որ մոտակա մի քանի միլիարդ տարում Երկիրը և Մարսը, եթե մինչ այդ չոչնչացվեն Արեգակի կողմից, կարող են բախվել: Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ նման աղետի հավանականությունը չնչին է: