Մկրտիչ Արզումանյան' “խնդիրը ռուսական դպրոցների բացակայությունն է”

“Ուրախների և Հնարամիտների Ակումբը” կամ КВН-ը ժամանակին մեծ տարածում և սեր է վայելել հայերիս մոտ: Հայկական տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներից կազմված թիմերը Հայաստանի պատիվը բարձր են պահել այս հրաշալի մրցույթում: Եվ այսօրվա հումորը հեռուստաէկրաններից մեզ են ներկայացնում հենց КВН-ի ամենակարկառուն մասնակիցները:

Հայաստանում դժվար կգտնվի մի մարդ, ով չճանաչի “Կարգին հաղորդման”, այնուհետ' “Կարգին սերիալի” Մկոյին: Տաղանդավոր հումորիստ, դերասան և պարզապես շատ բարի ու անկեղծ Մկրտիչ Արզումանյանը ArmStar.am-ին պատմել է КВН-ում իր առաջին քայլերի և հանրահայտ խաղի մասին իր մտորումների մասին:

Կպատմե՞ք, թե ինչպես մուտք գործեցիք КВН-ի աշխարհ: Ինչպե՞ս կազմավորվեց “Армянский проект”-ը:

-Սովորել եմ ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղում: Երբ փոխադրվեցի 3-րդ կուրս, մեր բուհում մեծ խանդավառությամբ սկսվեց КВН-ի շարժումը: Տարբեր կուրսերից հավաքվեցինք իրար գլխի ու սկսեցինք տարբեր բաներ մտածել' երգեր, կատակներ: Նույնիսկ մեր առաջին ելույթի համար հայրս, ով շատ դիպուկ հումոր ունի, մի երգ էր գրել, որը կատարեցինք: Պարզ հիշում եմ այդ հուզումնալից պահը, երբ առաջին անգամ բեմ բարձրացա: Ոտքերս անզգայացել էին: Թիմն այդ ժամանակ բավականին մեծ էր: Հետո ժամանակի ընթացքում ձևավորվեց թիմի այն հիմնական կազմը, որով սկսեցինք հանդես գալ Հայաստանի Ուրախների և հնարամիտների լիգայում: Այդ տարի շատ հաջող հանդես գալուց հետո մենք գրավեցինք 2-րդ տեղը' զիջելով Կոնսերվատորիայի թիմին, որն, իրոք, շատ ուժեղ թիմ էր: Այնուհետև, այդ տարվա խաղացած թիմերի հիման վրա կազմավորվեց “Армянский проект” КВН-ի թիմը, այսպես ասած' Հայաստանի КВН-ի հավաքականը, որն արդեն սկսեց խաղալ Ռուսաստանում: Մեր թիմից “Армянский проект”-ի կազմում հանդես էին գալիս Ռուբեն Մխիթարյանը, Հայկ Խաչատրյանը և ես:

-Կարելի՞ է ասել, որ КВН-ում Ձեր մասնակցությունն իր ներդրումն է ունեցել այն ուղու վրա, որն ընտրել եք և մինչ օրս շարունակում եք:

-Իհարկե, КВН-ը մեծ դեր է խաղացել իմ կյանքում: Ես նույնսիկ կասեի' ճակատագրական: Ամեն ինչ սկսվել է հենց КВН-ից: Այն շատ բան է ինձ տվել: Հսկայական փորձ, արագ որոշում կայացնելու ունակություն, նոր ընկերներ ձեռքբերելու և հետաքրքիր մարդկանց հետ բազում շփումների հնարավորություն: Նույնիսկ իմ անձնական կյանքում КВН-ը մեծ դեր է խաղացել: Իմ կնոջ' Աննայի հետ, ես ծանոթացել եմ հենց КВН-ի միջոցով:

-Կհիշե՞ք զվարճալի դեպքեր, որոնք տեղի են ունեցել КВН-ի շրջանակներում, միգուցե հենց բեմի վրա:

-Զվարճալի դեպքեր շատ են եղել, բայց ամենածիծաղելին, ինձ համար, տեղի ունեցավ Սոչիում' КВН-ի ամենամյա փառատոնին: Ելույթի ժամանակ ես մոռացա տեքստս և այդ շփոթմունքից սկսեցի քայլել դեպի կուլիսներ' անիմաստ նախադասություն ասելով, որը ոչ մի կապ չուներ մեր ելույթի հետ: Հետո շրջվեցի տղաների կողմը ու տեսա իմ կյանքում հանդիպած դեմքի ամենածիծաղելի արտահայտությունները: Նրանք ուզում էին հասկանալ, թե ես ինչ եմ ուզում անել: Դա տևեց ընդամենը երկու վայրկյան, բայց տղաների զարմանքը մինչև հիմա հիշողությանս մեջ է, -ArmStar.am-ի հետ անկեղծացավ Մկրտիչը:

-Կա՞ր մի կատակ կամ ինչ-որ համար, բեմադրություն, որը համարում եք Ձեր “այցեքարտը”:

-Տարբեր կենդանիներին նմանակելը:

-Կապ կա՞ խմբի մյուս անդամների հետ և տեղյա՞կ եք' ինչով են նրանք այժմ զբաղվում:

-Իհարկե, բոլորից տեղյակ եմ, թե ով ինչով է զբաղված, չէ՞ որ մենք դժվարին ճանապարհ ենք անցել միասին: Այդ ճանապարհն անցնելուց մենք շատ ենք մտերմացել: Միասին ուրախացել ենք մեր հաջողություններով և իրար հետ տխրել մեր պարտություններով: Բոլորն ինձ հարազատ մարդիկ են,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Մկրտիչը::

-Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, այսօր հայկական КВН-ը չունի իր վաղեմի արդիականությունն ու ակտիվությունը:

-Եկեք չմոռանանք, որ КВН-ի լեզուն ռուսերենն է: Այդ լեզվի իմացությունը շատ կարևոր է' այդ խաղում պատշաճ հանդես գալու համար: Կարծում եմ, որ ամենակարևոր խնդիրը ռուսական դպրոցների բացակայությունն է: Եվ հետո Հայաստանում շատ բաների նկատմամբ է հետաքրքրությունը կորել: Կարելի է ասել' մեկը մյուսի հետ սերտ կապված խնդիրներ են: Համոզված եմ, որ կլինի նոր թիմ, որն այդ հրաշալի խաղի միջոցով մեր երկիրը պատվով կներկայացնի: Վստահ եմ, որ հայկական КВН-ն իր ծանր խոսքը դեռ կասի և կրկին կդառնա բոլորին հետաքրքիր և արդիական խաղ

-Ի՞նչ մասնակցություն եք ունենալու մայիսի 8-ին կայանալիք համերգ-շոու-ին' նվիրված հայկական КВН-ի 20-ամյակին:

-Ինձ արդեն տեղեկացրել ու հրավիրել են մասնակցելու համերգին, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ֆորմատով ենք հանդես գալու: Ժամանակի ընթացքում այդ հարցերը կհստակեցվեն,-ArmStar.am-ի հետ զրույցը եզրափակեց Մկրտիչ Արզումանյանը: