«Իքս Ֆակտոր» հաղորդման հերթական թողարկումը մեծ աղմուկ բարձրացրեց:

 

Մասնակիցներից Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ Եղիշե Աղաջանյանի ելույթը հասարակության շրջանում տարակարծությունների տեղիք տվեց: Ժյուրիի անդամները երիտասարդի ելույթի ժամանակ բեմ էին բարձրացել և պարում էին:

 

Այս ամենից հետո Facebook սոցիալական կայքում մեկնաբանությունների պակաս չկար:

 

Հասարակության մեծ մասի կարծիքով՝ մասնակցին ժյուրիի անդամները ծաղրել են: Երիտասարդի նկատմամբ բացասական վերաբերմունքը սկսվել է դեռ բեմ չբարձրացած:

 

Այլ կարծիք ունի Եղիշե Աղաջանյանի քույրը' Մարիամը, ով ամենամոտն է եղել իրադարձությանը ու «Իքս Ֆակտոր»-ի բեմում հետևել եղբոր կատարմանը:

 

Ըստ Մարիամ Աղաջանյանի՝ ժյուրին չի ծաղրել եղբորը, բայց սխալ վերաբերմունք է ցույց տվել երիտասարդի նկատմամբ:

 

«Ուղղակի սխալ վերաբերմունք են ցույց տալիս երիտասարդների նկատմամբ, այդ երիտասարդները պատրաստի երգիչներ չեն, եթե պատրաստի երգիչներ լինեին, ապա «Իքս Ֆակտոր»-ի բեմում չէին հայտնվի: Ինձ թվում է՝ պետք է երիտասարդների նկատմամբ վերաբերմունքը փոխել, նկատողությունը պետք է այնպես անել, որ քննարկման տեղիք չտա, մոտեցումն է սխալ, նախ և առաջ պետք է ճիշտ մոտեցում ցույց տային»,- NewsBook-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Եղրշե Աղաջանյանի քույրը:

 

Մարիամը սոցիալական ցանցի միջոցով հետևել է բոլոր մեկնաբանություններին, կարդացել է նաև Գուրգեն Դաբաղյանի կարծիքը, սակայն որևէ մեկնաբանության տեղիք չի տվել: 17-ամյա մասնակցի քրոջ խոսքով, սակայն, սպասելի էր, որ հանրությունը կարձագանքի տեղի ունեցածին:

 

«Հեռուստատեսությամբ տեսնում ենք այնպիսի մարդկանց, ովքեր ձայն չունեն, բայց անցնում են հաջորդ փուլ, քանի որ երգում են եվրոպական երգեր, իսկ այստեղ պարզ երևում էր՝ իրենց դուր չի գալիս երգը, ոճը, բայց սա մեր ժողովրդական երգն է ու դրանից այն կողմ չկա ոչ մի ոճ»,- նկատեց նա:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում