Դերասանուհի Լիկա Սալմանյանը տևական դադարից հետո վերադառնում է եթեր:

Նա նկարահանվելու է «Հին արքաներ» պատմական բազմասերիանոց հեռուսատաֆիլմում, որը նոյեմբերի 5-ից կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով:

«Այս ընթացքում եղել են հեռուստատեսային առաջարկներ, բայց մերժել եմ, քանի որ թե՛ սցենարական և թե՛ ֆինանսական մասը չէր գոհացրել:

Իսկ «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Դավիթ Բաբախանյանից, վստահ էի՝ լավ և պրոֆեսիոնալ աշխատանք է լինելու և իր տեսակով միանշանակ տարբերվելու է»,- զրույցում նշեց Լիկան:

Դերասանուհու համար առաջնային էր, որ այն պատմական հեռուսաֆիլմ է և այս ժանրում առաջին անգամ է նկարահանվում.

«Սցենարը կարդալուց հետո երկար չմտածեցի, քանի որ մեր պատմությունը ներկայացված էր գրագետ և շատ պրոֆեսիոնալ:

Իհարկե, դժվարություններ էլ կան, օրինակ՝ ամեն անգամ հագնել այդ ժամանակաշրջանի զգեստները, դրանով շարժվել և միևնույն ժամանակ կենտրոնանալ բարդ տեքստի վրա: Բայց այդ դժվարությունների արդյունքում, վստահ եմ, ստացվել է հրաշալի նախագիծ, և հեռուստադիտողը դիտելիս հրաշալի պահեր կունենա»:

Լիկան կերպարի մասին շատ բացահայտումներ չցանկացավ անել, միայն նշեց. «Սկզբում աղախին եմ, հետո դառնում եմ արքայական ընտանիքի անդամ:

Մնացած զարգացումները հեռուստադիտողը կտեսնի արդեն հեռուստաֆիլմում: Կերպարումս գրեթե բացակայում է շպարը, իսկ վարսերիս հետ կապված փոքրիկ փոփոխություն է եղել»: