Երիտասարդ երգիչ Հովհաննես Բաբախանյանին երկրպագուները հիշում են դեռևս պատանեկության տարիներից, երբ ընդամենը 11 տարեկան էր և մեծ մենահամերգով հանդես եկավ Առնո Բաբաջանյան համերգասրահում: «Հայ երգի փոքրիկ ասպետ»,- այսպես էր պատանի Հովհաննեսին ժամանակին բնորոշել ամերիկահայ գրող Սարո Գյոդակյանը: 2011թ. թողարկվեցին երգչի առաջին երկու ձայնասկավառակները, այնուհետև հաջորդեցին համերգներն արտերկրում: Հովհաննեսը հասցրեց վաստակել ժողովրդի սերն ու համակրանքը:

 

 

Մի քանի տարի երաժշտական դադար ու առաջին մուտքը դեպի երգարվեստ արդեն երիտասարդ տարիքում 2014թ. էր: Հովհաննեսը մասնակցեց հայտնի «Ժողովրդական երգիչ 4» նախագծին:

 

 

 

Այսօր, սակայն, Հովհաննեսը ոչ միայն ժողովրդական երգեր է երգում, այլև հանդես է գալիս այլ ժանրերում ևս: MediaMall.am-ի հետ զրույցում Հովհաննես Բաբախանյանը պատմել է իր գործունեության, նոր երգի ու տեսահոլովակի, սպասվող անակնկալների մասին և ոչ միայն:

 

-Հովհաննես, մասնակցելով «Ժողովրդական երգիչ» նախագծին, ենթադրելի էր, որ ժողովրդական երգեր պիտի երգեք, սակայն այլ ժանրերում էլ եք հանդես գալիս: Ժողովրդականը Ձերը չէ՞ր, թե՞ որոշել եք տարբեր ժանրերում ևս փորձել Ձեզ:


-Մանկության տարիներիս աստղային ժամից ու դադարից հետո առաջին լուրջ մուտքը բեմ եղավ 2014 թվականին հայտնի «Ժողովրդական երգիչ 4» նախագծում, որտեղ հասա մինչև լավագույն 6-յակ (կարելի է ասել դեռ շուտ էր իմ հեռանալը. ասում են քիչ էր sms քվեներս: (Ժպտում է)

 

ժողովրդականը միշտ եղել ու մնում է իմ հոգեհարազատը, իմ ամենա-ամենան, քանզի դա է մեր արմատականն ու հիմնական արժեհամակարգը: Պարբերաբար հանդես եմ գալիս «Երգ երգոց» հաղորդաշարի շրջանակներում, որտեղ հենց ազգայինն եմ ներկայացնում միշտ: Ես երբևիցէ չեմ հեռացել ու չեմ հեռանա ժողովրդականից: Հեռանում է նա, ով պարզապես չի կարողանում ճիշտ ներկայացնել այն, իսկ իմ մոտ, անհամեստ չթվա, այն շատ փայլուն և բարձր մակարդակի վրա է:

 

Ինչ վերաբերում է այլ ժանրերին՝ ասեմ, որ ռոմանսա-քաղաքային ֆոլկն էլ շատ հարազատ է դարձել ինձ, երևանյան իսկական էստրադան, այլ ոչ թե արաբա-թուրքական մելիզմներով էստրադան, և հետո երգիչը այնքանով է երգիչ, որքան որ կարողանում է բազմաժանր լինել, բազմակողմանի զարգացած ու ինտելեկտուալ: Կան բաներ, որ էստրադային երգով ես կարողանում ասելիքդ ասել, փոխանցել հանդիսատեսին ներսումդ առկա մեղեդին:

 

-Օրերս Ձեր երկրպագուների դատին ներկայացրիք Սիրուշոյի «Մայրիկ» երգը: Կպատմե՞ք՝ ինչու ընտրեցիք այդ երգը. գուցե պատճառն այն էր, որ երգն արդեն հաջողություն ունեցա՞ծ երգ է:


-Սիրուշոյի յուրաքանչյուր երգ, ըստ իս, յուրովի է ներկայացվել իր իսկ կողմից և միշտ ճաշակով գործիքավորված: Ես գնահատում եմ Սիրուշոյի արվեստը: Նրա «Մայրիկ» երգը (հեղ. Արսեն Գրիգորյան և Մանե Հակոբյան) սիրված է եղել իմ կողմից դեռ երգի լույս աշխարհ գալուց սկսված: Շատ զգացմունքային երգ է, որի համար շնորհակալություն երգի հեղինակներին և կատարողին՝ Սիրուշոյին:

 

Երգի իմ cover տարբերակը նախատեսել էինք ավելի շուտ դուրս բերել ասպարեզ և արդեն ընկերոջս ու նաև իմ երաժշտական գծով պրոդյուսեր Գևորգ Հովհաննիսյանի հետ գործիքավորել էինք այն, սակայն իմ հետ տեղի ունեցավ հերթական դժբախտությունը...կյանքից անժամանակ հեռացավ իմ տան Աստվածը ՝ մայրս...իսկ 2 տարի առաջ կյանքից հեռացավ նաև սիրելի հայրս...

 

Սիրուշոյի «Մայրիկ» երգը ակամա դարձավ մորս նվիրված երգ՝ որպես հարգանք իր հիշատակի: Նոր երգ եմ պատրաստում՝ գրված մորս մասին և բոլոր մայրերի. դա երկար սպասեցնել չի տա: Երգը գրելու է երգիչ և երգահան Արա Հովհաննիսյանը ՝ մեր ընկերը:

 


-Տեսահոլովակ կնկարահանվի՞ «Մայրիկ» երգի հիման վրա:


-Տեսահոլովակ, որպես այդպիսին, չէինք նախատեսել, սակայն cover տեսակի տեսանյութեր գոյություն ունեն՝ առանց սյուժեի և սցենարային զարգացումների: Մտածեցինք նկարել նմանատիպ տեսահոլովակ, բայց վերջում որոշեցինք ուղղակի երգը տեղադրել և տարածել համացանցում: Կարծում եմ՝ այս երգը ավելի շատ ցանկանում ես վայելել՝ զուտ ունկնդրելով, կարծում եմ՝ երգեր կան, որոնց վրա տեսահոլովակի առկայությունը ավելորդ է:

 


-Հովհաննես, վերջին տեսահոլովակը, եթե չեմ սխալվում, նկարահանել եք հուլիս ամսին. կպատմե՞ք երգի ընտրությունից, թե ովքեր են աշխատել տեսահոլովակի վրա և այլ մանրամասներ:


-«Աղոթքն ես իմ» երգը ինձ նվիրել է իմ ընկեր, տաղանդավոր երգահան Ռաֆֆի Ալթունյանը: Երգը նվիրված է իմ սիրելի երջանկահիշատակ հորը, ով ձեռքս բռնած ինձ այս կյանքում ճիշտ ուղով է տարել, ճամփա է հարթել: Երգում չի շոշափվում անուն, սակայն իմացողները գիտեն և հասկանում են, որ իմ հոր մասին է և, առհասարակ, բոլոր հայրերի: Տեսահոլովակի ռեժիսորն է տաղանդավոր երիտասարդ Արման Պետրոսյանը, ում շնորհիվ իրականություն դարձրինք տեսահոլովակի ծնունդը: Նկարահանել ենք 2 օրում, շատ պրոֆեսիոնալ կազմով, դերասանական փայլուն խաղով: Նկարահանվել են սիրված դերասանուհի Ռուզաննա Հարությունյանը, դերասան Սամվել Գևորգյանը և փոքրիկ Ալեքսը: Սյուժեն թողել ենք դիտողի վերլուծությանը: Տեսահոլովակի վերջում կա լոզունգ՝ «Զավակին սիրում է մայրը, հայրը նաև ուժ է տալիս»:

 

 

 

-Բացելով փակագծերը` կասե՞ք, թե ինչ երգերի սպասեն Ձեր երկրպագուները առաջիկայում:


-Սպասվում են նոր անակնկալներ...որոշ փակագծեր բացելով` ասեմ, որ շատ շուտով հանրության դատին կհանձնեմ պարային երգ` «Նարե ջան» անվանումով, որի հեղինակն է Վաչե Ավեյանը, իսկ հաջորդիվ սպասվում են էլի նոր երգեր Սասուն Պասկևիչյանից, Գևորգ Սիրեկանյանից և.... (ժպտում է) մնացածը թող մնա անակնկալ:


Համերգային հրավերներ ունեմ Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից, եվրոպական մի քանի երկրներից:

 

-Հովհաննես, որպես Ձեր կերպարի փոքր-ինչ բացահայտում, պատասխանեք մի քանի բլից հարցերի:


-Երեք բառով բնութագրեք Ձեզ:


-Հավատք, սեր, պայքար:

 

-Աշխատանք, որը երբեք չեք կատարի:


-Ցանկացած գործ, որը կարող է մարդու օջախի ծուխը մարել ( բայց էդ հրշեջը չի) (ծիծաղում է)

 

-Արարք, որը երբեք չեք ների:

 

-Ծնողի հանդեպ անհարգանքը:

 

-Եթե դավաճանեն:


-Աստված իրենց դեմը կբերի:


-Ձեր առաջին հիասթափությունը:


-Երբ փոքր էի, հյուրեր եկան մեր տուն, ու ինձ սնիկերս-միկերս չէին բերել (ժպտում է) (90-ականներ):

 

-Ձեր առաջին ձեռքբերումը:


-Իմ առաջին ձայներիզը՝ «Համբերե հոգիս» խորագրով (2002 թ.):

 

-Երգիչ կամ երգչուհի, ում հետ կցանկանայիք երգել:


-Սիրուշո, Տաթևիկ Հովհաննիսյան:

 

-Ամենասիրելի վայրը Երևանում:


-Իմ բնակության բակը և «Մեր բակը» ֆիլմի նկարահանման բակը (հաճախակի գնում նստում եմ բակի հանգստի տաղավարում (բիսեդկայում): Կոնսերվատորիայի հարակից այգին, Մաշտոցի պողոտան:

 

-Ինչի՞ մասին եք երազում:


-Երազում եմ, որ երկրի վրա գա Աստծո արքայությունը...

 

 

Զրուցեց՝ Նելլի Ալեքսանյանը