Ինչի՞ց է սկսվում շփումը։ Առաջին բառի՞ց։ Գուցե առաջին հայացքի՞ց։ Ոչ։ Իրական շփումը սկսվում է ժպիտից։ Չէ՞ որ մենք մեզ մոտիկ ենք թողնում այն մարդկանց, ովքեր մեզ անկեղծորեն հաճելի են, սկսում ենք նրանց հետ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ խոսել, քննարկումներ ենք անում և ընկերանում։ Իսկ իրար հասկանալու ամենակարևոր տարրը միշտ էլ եղել ու մնում է ժպիտը։ Երբեմն պետք չէ և չես էլ ուզում ավելորդ բառեր ասել, ուղղակի ուզում ես դիմացինիդ հարազատ ժպիտը տեսնել։ Մի մարդ ասել է, որ ժպտալիս մարդը դեպի իրեն է ձգում միայն դրական պահեր և միայն դրական մարդկանց։ Մենք պետք է փորձենք ժպիտը դարձնել մեր կյանքի ամենակարևոր տարրերից մեկը։

 

Անպայման պետք է սկսել օրը ժպիտով և այդ ժամանակ մեր կյանքից կբացակայեն այն արտահայտությունները, ինչպիսիք են՝ «վրաս բաց եմ քնել» կամ «տրամադրություն չունեմ»: Ինչո՞ւ , երբ մարդ ժպտում է, նա մեզ ավելի հաճելի և գեղեցիկ է թվում։ Կարծես, ինչ -որ յուրահատուկ կախարդանք լինի թաքնված այդ ամենի մեջ։ Երբեմն լինում են պահեր, երբ ուզում ես տխրել, լաց լինել, բայց եթե այդ պահին կարողանաս քեզ կառավարել, թախիծդ փոխել ժպիտով, միանգամից տրամադրությունդ էլ կփոխվի, խնդիրներն էլ չեն լինի այդքան ահավոր։

 

Իմ կարծիքով, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ կարևոր է շրջապատում ունենալ դրական և ժպտերես մարդկանց։ Այդ ժամանակ, անգամ մանրուքներին սովորում ես ժպտալ և ուրախանալ անգամ ամենաաննշան պահերին։ Մեր կյանքում շատ կարևոր է տեսնել մեզ համար ամենաթանկ մարդկանց ժպիտները՝ մայրիկի, հայրիկի, տատիկի և պապիկի, քույրիկի և եղբոր։ Ոչինչ չի կարող փոխարինել հոգու խաղաղության և հավասարակշռության այդ վիճակը, երբ հարազատները «տալիս են» մեզ այդ զգացողությունը։ Շատ կարևոր է անկեղծ ժպտալ, այդ ժամանակ ձեզ էլ կպատասխանեն նույն անկեղծությամբ։ Լավ կլինի, որ սովորություն դարձնենք արթնանալ բարձր տրամադրությամբ և դրական զգացմունքներով։ Ստիպեք Ձեզ ժպտալ, երբ տխուր եք և ժամանակի ընթացքում կհասկանաք, թե ինչ հիանալի է երջանիկ լինելը։ Չէ՞ որ ժպիտն ու բարեկեցությունը սերտ կապված են իրար հետ։ Պետք է այդ ամենին խիստ ուշադրություն դարձնել։

 

Հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Ժպիտի միջազգային օրը: “State Mutual Life Assurance Company of America” ապահովագրական ընկերության աշխատակիցները սկսնակ նկարչին պատվիրել են խորհրդանիշ' առանց անգամ երևակայելու, որ «ժպիտը» կդառնա երջանկության խորհրդանիշ ամբողջ աշխարհում: Հարվի Բելը «սմայլիկը» նկարել է 40 րոպեում, իսկ այն ուրախություն է պարգեւում բոլորին 1963 թվականից,' արդեն ավելի քան 50 տարի: Ժպիտի համաշխարհային օրն առաջին անգամ աշխարհում տոնվել է 1999թ.:

Լիլիթ Դեմուրյան