Հոկտեմբերին ԱՄՆ-ում կկայանա ռեժիսոր Վահիկ Փիրհամզեի «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման պրեմիերան, որում խաղում են Վահիկը, իր կինը՝ Անահիտ Ավանեսյանը, և Հայաստանից հրավիրված դերասաններ Սոս Ջանիբեկյանն ու Լուիզա Ներսիսյանը։BlogNews-ը Սոսի հետ խոսել է ներկայացման և առաջին անգամ ԱՄՆ մեկնելու մասին։

«Հերոսս հայ տղա է, ով մեկնել է իր ամերիկյան երազանքի հետևից և անօրինական բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Նա աշխատում է մի ընտանիքում, որտեղ էլ ընթանում են գործողությունները։ Ներկայացման հիմքում ընտանեկան դրամա է»,- ասաց Սոսն ու հավելեց, որ փլուզման եզրին կանգնած ընտանիքի վերաարժևորման հարցում լուրջ դերակատարում են ունենում այդ ընտանիքում հայտնված օտար մարդիկ՝ իր և Լուիզա Ներսիսյանի կերպարները։ Թե ինչ է լինում, երբ տարբեր կենցաղների և մենթալիտետի տեր հայեր հավաքվում են մի հարկի տակ, ամերիկաբնակ հայերը կիմանան հոկտեմբերի 7-ին և 9-ին։

Սոսը միշտ խոստովանել է, որ թատրոնում խաղալու հետ կապված մի շարք մտավախություններ ունի, քանի որ թատրոնում փորձը մեծ չէ։ Այս անգամ էլ նա նշեց, որ շատ անհանգիստ է։ «Սարսուռ կա մեջս։ Շատ մեծ պատասխանատվություն է։ Շատ եմ պայքարում, որպեսզի երբ բեմ դուրս գամ, ոտքերս կայուն զգամ և անհանգստությունից չսկսեմ դողալ։ Ժամանակը քիչ է, սակայն ամենօրյա աշխատանքներ ենք տանում, որ ներկայացումը հնարավորինս լավը լինի։ Կարծում եմ՝ կհաջողվի, որովհետև շատ եմ վստահում թե՛ խաղընկերներիս, ովքեր մեծ փորձ ունեն թատրոնում, թե՛  Վահիկին, ով ռեժիսորն է»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ինքն ու գործընկերները  մարդկային առումով էլ են իրար լավ հասկանում, իսկ դա գործի կեսն է։

Սոսի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ վստահում է ռեժիսորին, ինչը շատ է հեշտացնում աշխատանքը։ «Հումորը, դրությունները, սցենարային ու կերպարային կառուցվածքն ինձ համար կարող են խորթ լինել, որովհետև ամերիկաբնակների ճաշակը, մոտեցումն ու հումորը տարբերվում է հայաստանաբնակներից, բայց ես միանշանակ վստահում եմ Վահիկին, ով շատ մեծ փորձ ունի։ Ակնկալիքներ առանձնապես չունեմ, որովհետև չգիտեմ՝ ուր եմ գնում։ Ամերիկահայերին, պարսկահայերին ծանոթ եմ այնքանով, որ Ֆեյսբուքով հաճախ գրում են, գիտեմ, որ նրանց շրջանում շատ հետևողներ ունեմ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ իրենց այնպես ներկայանալ, ինչպես իրենք կուզեին ինձ տեսնել, և հանկարծ չհիասթափեցնեմ»,- նշեց դերասանը, ով ԱՄՆ-ում լինելու է մոտ 20 օր։

Սոսն առաջին անգամ է լինելու ԱՄՆ-ում, սակայն, հանուն լավ արդյունքի, պատրաստ է տրամադրելու նաև հանգստի համար նախատեսված ժամանակը։ «Ինձ համար գործը  միշտ առաջնային է եղել։ Եթե գործը պահանջի այնքան ժամանակ, որ ես նույնիսկ Ամերիկայի որևէ փողոց չտեսնեմ, չգնամ Դիսնեյ Լենդ, Վեգաս, չեմ տխրի, որովհետև գիտեմ, որ պատճառը շատ արժեքավոր է․ ամբողջ ժամանակս նվիրել եմ աշխատանքիս։ Աշխատանքի տակից պատվով դուրս գալն ինձ համար ավելի կարևոր է, քան Ամերիկան տեսնելը»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ի տարբերություն իր հերոսի՝ իր «ամերիկյան երազանքն» այլ է․ «Ամերիկյան երազանքս երբեք չի եղել Ամերիկայում բնակվելը։ Իմ ամերիկյան երազանքն է ամերիկյան ֆիլմերում նկարահանվելը, իսկ դրա միակ ճանապարհն էնտեղ բնակվելը չէ»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի