Փրինսի սեյֆը, որում, ինչպես ենթադրվում է, պահվում են մի քանի հազար չհրատարակված ստեղծագործություններ, բացել են Bremer Trust ընկերության աշխատակիցները, որոնք երաժիշտի ժառանգությունը տնօրինելու ժամանակավոր թույլտվություն են ստացել:

 

Փրինսը, որը թողարկել է 39 ալբոմ եւ մի քանի տասնյակ այլ երաժշտական նախագծեր, ըստ հեռուստաալիքի տեղեկատվության, իր արխիվի մասին միայն մեկ անգամ է հիշատակել, ասելով, որ դրանում շատ ստեղծագործություններ կան, և ինքը հուսով է, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ դրանք կթողարկի:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ այնտեղ կարող են գտնվել 2 հազարից ավելի ձայնագրություններ: Սեյֆի պարունակության մասին ավելի ստույգ տեղեկատվություն դեռ չի հաղորդվում:

 

Քանի որ Փրինսը կտակ չի թողել, ձայնագրությունների ճակատագիրը կորոշվի միայն այն բանից հետո, երբ կլուծվի երաժիշտի ժառանգության հետ կապված հարցը, նշում է ABC-ն:

 

Փրինսը՝ ամերիկացի հայտնի երգիչը, կիթառահարը, կոմպոզիտորը եւ երգերի հեղինակը. ծնվել է 1958 թվականին Մինեապոլիս քաղաքում: Նա «Գրեմմի», «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների բազմակի դափնեկիր է: 2005 թվականին նրա անունն ընդգրկվել Է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում:

 

Նրա առավել հայտնի կոմպոզիցիաներն են՝ Purple Rain-ը, Call My Name-ը, Kiss-ը, I Feel For You-ը և ուրիշներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: