Ալեքսանդր Բաբասյանի և տիկնոջ՝ Լիլիթի Տերընդեզի արարողության մասին esyes.am-ն արդեն պատմել է իր ընթերցողներին և խոստացել ներկայացնել օրվա բացառիկ լուսանկարները:
Ալեքսանդրը մեզ հետ զրույցում նշեց, որ իր հայտնի ընկերներից շատերն են ցանկություն հայտնել ներկա լինել Տերընդեզի իր արարողությանը, սակայն ինքն այս տոնն ընտանեկան է համարում և որոշել է այն ընտանիքի անդամների, հարազատների և բարեկամների հետ նշել: Միջոցառմանը ներկա է եղել մոտ ութսուն հյուր:

Երևանյան ռեստորաններից մեկի բակում կրակի վրայով ցատկելուց հետո զույգը նշել է տոնը, ուրախացել, տարբեր շնորհավորանքներ ու նվերներ ստացել:) Ի դեպ, այդ նվերներն ավելի շատ Լիլիթին են ուրախացրել, քանի որ կենցաղային իրերի, հուշանվերների ու սպասքի տեսքով են եղել: «Կինս ոգևորությամբ տեղավորում էր դրանք, միևնույն ժամանակ դժգոհում, որ տան պահարաններում այլևս ազատ տեղ չունենք: Երևի ակնարկում էր, որ պետք է նոր պահարան գնեմ:)»,- ասաց Ալեքսանդրն ու ինքն էլ դժգոհեց, որ դրա համար տանն ազատ տեղ չունեն:
Դերասանի փոխանցմամբ՝ օրը շատ լավ և ուրախ է անցել, իսկ ինքն ու կինն այս անգամ արտասովոր ինչ-որ բան չէին մտածել հյուրերի համար, քանի որ այս տոնի խորհուրդն այլ է. «Տեառնընդառաջը Տիրոջը, քո հաջողությանն ընդառաջ գնալու խորհուրդ ունի: Կարծում եմ՝ չարժե այս տոնի խորհուրդը փոխել, այն շոուի վերածել: Ես նույնիսկ կրակի վրայով թռչելուն էի դեմ, որովհետև դա հեթանոսական սովորույթ է, բայց քանի որ բոլոր հյուրերը դրան էին սպասում, արեցինք»:

Սերիալային դերասանի հետ զրուցեցինք նաև Վալենտինի օրվա մասին: Վերջինս նշեց, որ օրվա կապակցությամբ Լիլիթին կարմիր փետուրներով, կոնֆետներով կոմպոզիցիա է նվիրել, որը սրտի տեսք է ունեցել, կինն էլ իրեն է կոնֆետներով կոմպոզիցիա նվիրել, որը մի քանի հարկով է եղել՝ կասկադի տեսքով. «Երեկվանից վայելում ենք կոնֆետները:)»:
Ինչ վերաբերում է զույգի՝ բալիկի սպասելու լուրերին, Ալեքսանդրն ասաց, որ առայժմ ճամփորդելու մտադրություն ունեն. «Գարնանն ուզում ենք Իսպանիա մեկնել, իսկ ամռանը՝ Իտալիա: Երբ վերադառնանք, արդեն հանգիստ կմտածենք փոքրիկի մասին »: