Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ բանակցություններ չեն անցկացվել «Պուտին» ֆիլմում դեր խաղալու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը'այս մասին «Սվաբոդա» ռադիոյին է տեղեկացրել Knightsbridge Entertainment-ի ղեկավար Գրանտ Կրամերը:

 

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահի մասին կենսագրական ֆիլմի աշխատանքներն իսկապես տարվում են, բայց Դի Կապրիոյի հետ բանակցություններ դեռ չեն եղել: «Ես իսկապես գիտեմ Լեոնարդոյին և կարծում եմ, որ նա լավագույն դերասաններից և մարդկանցից մեկն է, այնպես որ նա կլիներ իդեալական տարբերակ»,-gazeta.ru-ի փոխանցմամբ' ասել է Կրամերը:

 

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ արդեն այս գարնանը Knights bridge Entertainment կինոընկերությունը պլանավորում է սկսել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել էր ընկերության բարձրաստիճան կառավարիչներից մեկը՝ Վալերի Սահարյանը: Սահարյանը չի հաստատել, բայց չի էլ հերքել որոշ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե Պուտինը դերը կխաղա հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը բոլորովին վերջերս հայտարարել է, թե դա իր երազանքն է: