«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ուրախ է, որ միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այս մասին հայ երկրպագուների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց պատանի երգիչը:

 

«Իմ երազանքն էր մասնակցել «Մանկական եվրատեսիլ»-ին, ինչն իրականություն դարձավ: Շատ ուրախ եմ, որ այս դժվար մրցույթում գրավեցի երկրորդ հորիզոնականը: Մենք հաղթել ենք: Բուլղարիայում շատ լավ միջավայր էր, մասնակիցների հետ ընկերություն էինք անում: Մրցույթը շատ դժվար էր. մասնակիցները բոլորն արժանի էին հաղթանակի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Միկան:

 

Պատանի երգիչը խոստովանեց, որ շատ ծրագրեր ունի, բայց «Մանկական եվրատեսիլ-2015»-ից հետո որոշել է փոքր-ինչ հանգստանալ:

 

«Ընկերացել եմ բոլոր մասնակիցների, հատկապես` Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Առօրյան փորձերով և էքսկուրսիաներով էր անցնում, Սոֆիայի պատմության թանգարանում ենք եղել, բուլղարական դիմակներ ենք պատրաստել»,-նշեց նա:

 

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի ներկայացուցիչը խորհուրդ է տալիս հաջորդ տարվա մասնակցին լինել ուրախ, դրական տրամադրված և վստահ, ինչպես նաև շատ աշխատել:

 

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հանդիպման ժամանակ նշեց, որ մրցույթի հաղթող Մալթայի ներկայացուցիչը (Դեսթինի Չուկունյերեն) արժանի էր զբաղեցնել առաջին հորիզոնականը:

 

«Մալթայի ներկայացուցիչը մեծ տաղանդի երգչուհի էր, արժանի էր հաղթանակի, առանձնանում էր մյուսներից: 9 միավորների տարբերությամբ Միկան երկրորդ հորիզոնականում է: Մրցույթն իսկապես անաչառ է, լավագույն ձայն ունեցող երեխան գրավում է լավ հորիզոնական»,-նշեց Գոհար Գասպարյանը:

 

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար շեշտեց, որ իրենք շատ հետաքրքիր ժամանակ են անցկացրել Բուլղարիայում:

 

«Միկային բոլորը սիրահարվում էին, նա փոքրիկ սրտակեր էր, հատկապես Վրաստանի ներկայացուցչուհին շատ էր հավանում նրան, նրա երգը»,-նշեց նա:

 

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացրեց Միքայել Վարոսյանը: 2012-ից սկսած երգիչը մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: 12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների: 


Միքայելը 2012 -ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտր ական փուլին: 2014 թվականին նա մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 3-րդ տեղը:  Հայաստանի ներկայացուցիչն այս տարի ներկայացրել է ռոքնռոլ ժանրի երգ, որը կրում է «LOVE/Լավ» խորագիրը: Երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:

 

Երգի տոնն այս տարի անցկացվել է նոյեմբերի 21-ին #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: