Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երկրպագուների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսել է մասնագիտության ընտրության, որոշ երգերի ստեղծման պատմության և իր նախընտրած արժեքների մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

 

Քրիստինե Պեպելյանը երգչուհի լինելու մասին չի երազել


Ես չգիտեի, որ պետք է երգչուհի դառնամ։ Կխաբեմ, եթե ասեմ, որ մանկության տարիներից երազում էի այդ մասին: Գիտեի մի բան' սիրում եմ երաժշտությունը, չգիտեի, թե ինչպես կկապվի կյանքս երաժշտության հետ: Բայց հաստատ գիտեի, որ երաժշտությունը միշտ ինձ հետ կլինի:

 

Ես անում եմ իմ սիրած գործը, երգում եմ մարդկանց համար: Իրականությունը մոտ եղավ երազանքներիս:

 

«Մայրիկ» երգի ստեղծման մասին


Ես ունեմ շատ երգեր և «Մայրիկ» ստեղծագործությունը, որն իմ երգացանկից դուրս մի բան է: Ինձ համար տարերքի պես, շատ յուրահատուկ երգ է:

 

Մտածում էի' ինչ նվիրեմ մայրիկիս իր ծննդյան օրը, և Արամ Ավագյանին խնդրեցի, որ երաժշտություն ուղարկի: Մարդիկ ինձ ասում էին, որ մայրիկի թեման շատ ծեծված է, երգեր շատ կան, բայց ես որոշեցի, որ նման երգ պետք է լինի:

 

Մայրիկիս ծննդյան տարեդարձին միացրի ձայնագրությունը, լսեց: Իմ անակնկալը ստացվել էր: Երգի շնորհիվ շատ մարդիկ համապատասխան հիմնարկներում ապրող երեխաներին ուշադրություն դարձրին:

 

Քրիստինե Պեպելյանը կարող էր լինել մանկական հոգեբան կամ…


Շատ մասնագիտություններ կան, որ մեծ հաճույքով կընտրեի: Չեմ կարծում, որ կա մի աշխատանք, որ կարևոր չէ: Չկան կարևոր և ոչ կարևոր գործեր, պարզապես մարդը պետք է սիրի իր աշխատանքը: Ես կուզեի լինել մանկական հոգեբան կամ վիրաբույժ. երեխաների հետ կապված մի բան կընտրեի: Կամ՝ բալետի պարուհի:

 

Երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ «Եվրատեսիլին» մասնակցել


Առաջարկ երբևէ չեմ ստացել: Մտածում եմ, որ մրցութային երգչուհի չեմ: Մրցույթը մի քիչ այլ նպատակ ունի, իսկ ես հանդիսատեսի հետ խոսել եմ սիրում:

 

Արտաքինը նշանակություն չունի


Ես երբեք չեմ մտածել, որ արտաքինը շատ մեծ նշանակություն ունի: Ինձ համար անկեղծությունն է կարևոր: Գեղեցկությունը ժամանակավոր, անցողիկ և շատ դեպքերում ձանձրալի երևույթ է:

 

… Ես չեմ վախենում նրանից, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել ինձ առանց դիմահարդարման: Հուսով եմ, որ առանց դրա տեսնելիս չի սարսափի: Ես սիրում եմ լինել խնամված. դիմացինին էլ է հաճելի, երբ պատրաստված ես գնում հանդիպման:

 

Ես միշտ ինձնից լավ մարդկանց հետ եմ ընկերություն անում…

 

Միայն քեզնից լավ մարդը կարող է սրտացավ լինել, քեզ ճիշտ ճանապարհը ցույց տալ: Ընկերդ պետք է լինի քեզնից լավը, և նույն կարծիքն ունենա քո մասին:

 

Ես չեմ կարող ասել, որ մարդու հետ 10 րոպե շփվելուց հետո կարող եմ նրան համարել իմ ընկերը: Այդպես չի լինում, ես դրան չեմ հավատում: Նոր ընկերներ ձեռք բերելը դժվար է լինում հայտնի լինելու ժամանակ, իմ տեսակն ինձ փրկում է՝ փառք Աստծո:

 

…Այս կարճ կյանքում որևէ մեկն իր հետ որևէ բան չի տանելու: Պաշտոնը, փողը և կոչումները փորձություններ են, որոնց միջով պետք է անցնի մարդը. շատերը չեն հաղթահարում այդ փորձությունները:

 

Սերն ինձ համար շատ կարևոր է


Եթե ինձ սիրեն, մեր ընկերությունը կստացվի, սերն ինձ համար շատ կարևոր է, ես պետք է ջերմություն զգամ՝ բեմում թե որևէ այլ տեղ: Ես նման տեսակի մարդ եմ:

 

..Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը, այն ճանապարհը, որ ընտրել եմ: Ես շատ եմ սիրում իմ գործը:

 

«Բարև ձեզ»

Օգոստոսին ինձ զանգահարեց Հրանտ Թոխատյանը և առաջարկեց ֆիլմում նկարահանվել, ընտրեց ինձ համար էպիզոդիկ մի բան: Նկարահանվեցի մի քանի վայրկյան. ֆիլմում ասում եմ միայն «Բարև ձեզ»:

 

…Չգիտեմ՝ «Բարև ձեզ» ասելու համար ինչո՞ւ էի առավոտյան 7-ից նկարահանման հրապարակում: Հույս ունեմ, որ ինձ չեք նկատի այդ ֆիլմում: Դա ֆիլմ է ֆիլմի մասին:

 

Հանդիպման ընթացքում Քրիստինե Պեպելյանը երկրպագուներին ներկայացրեց իր նոր' «Աղոթք» երգը, որը հայկական նոր հեռուստասերիալներից մեկի սաունդթրեքն է: Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը' Անահիտ Մխիթարյանը:

 

Քրիստինե Պեպելյանը ծնվել է 1980թ. Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: Սովորել է նաև Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1997-2003թթ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2003թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխութ յան ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի: Հյուրախաղերով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում:

 

 

Ռոզա Գրիգորյան