Հայտնի ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորել է աշխարհահռչակ System of a Down խմբին Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակը ստանալու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Փարաջանով-Վարդանով ինստիտուտի պաշտոնական կայքը: «Ես ուրախ եմ լսել, որ խումբը յուրօրինակ քայլ է անում վերականգնելու Միքայել Վարդանովի' «Փարաջանով. վերջին գարունը» ֆիլմը, որը թեպետ ստեղծվել է արգելքների պայմաններում, սակայն ծառայում է որպես սահմանափակումներ չճանաչող արվեստի հզորության օրինակ: Ես կհորդորեմ, որ մյուսներն էլ միավորվեն այս կարևոր գործում»,- նշել է Կոպոլան:

 

Աշխարհահռչակ System of a Down խումբը Փարաջանով-Վարդանովի ինստիտուտի մրցանակ կստանա։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Հոլիվուդում, ասված է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։ Երաժիշտները կպարգեւատրվեն Wake Up the Souls շրջագայության համար, որը ցույց է տալիս արդարության նրանց ձգտումը։ Ինստիտուտը զբաղվում է Սերգեյ Փարաջանովի եւ Միքայել Վարդանովի աշխատանքների պահպանմամբ եւ ցուցադրո ւթյամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել էին բռնապետական ռեժիմների անարդարության դեմ պայքարին։ Անցյալ տարի այս մրցանակը հանձնել էին հանրահայտ ռեժիսոր Մարտին Սքորսեզեին։