Ճանաչված երգիչ, ռուսական էստրադայի աստղ Գրիգորի Լեպսի՝ երկար սպասված հայաստանյան մենահամերգը տեղի կունենա նոյեմբերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Մեցցո փրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը տեղեկացրեց, որ համերգը կանցկացվի նոյեմբերի 13-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Լեպսը երկրորդ անգամ է Հայաստանում, բայց այս անգամ մեր հրավերով է եկել: Մի քանի ամիս բանակցություններ ենք վարել, որպեսզի իր գրաֆիկում հարմար օր գտնի համերգի համար»,- նշեց Անի Սաղոյանը:

 

Նա հավելեց, որ համերգի տոմսերի արժեքը կլինի 5-120 հազար դրամի սահմանում. դրանք վաճառքում կլինեն օգոստոսի 15-ից։

 

ՌԴ վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը վրացական ծագում ունեցող հայտնի ռուս երգիչ է, կոմպոզիտոր, պրոդյուսեր և Էստրադային արվեստի միջազգային գործիչների միության անդամ։ Նա «World Music Awards»-ի, «Տարվա երգ»-ի, «Ոսկե գրամոֆոն»-ի մրցանակակիր է: