Երաժիշտ, «Beatles» խմբի նախկին անդամ Փոլ Մակքարթնին «The Evening Standard»-ին տված հարցազրույցում պատմել է, որ տասնյակ երգեր, որոնք նա հորինել է խմբի առաջնորդ Ջոն Լենոնի հետ, կորել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Մաքարթնին նշել է, որ ժամանակակից երաժիշտներին մոռանալու դեմ պայքարում օգնում են բարձր տեխնոլոգիաները։

 

«Ակնթարթային ձայնագրող սարքավորումները փոխել են երգեր ստեղծելու գործընթացը։ Օրինակ՝ մենք Ջոնի հետ նման բաներ չենք ունեցել, և մենք կարող էինք գրել երգը և մոռանալ այն։ Եթե հաջորդ օրն առավոտյան այն հնարավոր չէր լինում հիշել, ապա այլևս երբեք չէր հայտնվում հիշողության մեջ։ Այնպես որ, ստիպված էինք լինում ստեղծել հեշտ հիշվող երգեր, որպեսզի չկորցնենք դրանք»,- նշել է երաժիշտը։

 

«Մենք նույնիսկ ձայնագրիչ չենք ունեցել։ Այժմ այդ դերը հեշտությամբ կատարում է հեռախոսը։ Կարելի է երգ հորինել, աշխատել նրա վրա, հիշել՝ ինչպես հարկն է և անմիջապես ձայնագրել: Հեռախոսը ձեռքիս իմ գլխում միլիոնավոր երգերի հնարավոր ձայնագրություններ են պտտվում»,- ասել է երգիչը։

 

Gazeta.ru-ն հիշեցնում է, որ Փոլ Մակքարթնին «Գրեմի»-ի տասնվեցակի դափնեկիր է, «Beatles» խմբի հիմնադիրներից, ինչպես նաև Rolling Stone-ի վարկածով երաժշտության պատմության մեջ աշխարհի լավագույն բաս-կիթառահարներից մեկը: Այս ամառ նա դարձել է 73 տարեկան: