Վիրտուալ համայնքը սուպերմարկետի պես մի բան է, որտեղ ոմանք փնտրում են կյանքի ուղեկից, ոմանք էլ' մի գիշերվա կողակից: Սեքսուալ հեղափոխությունը, որի մասին միշտ խոսվում է, կարծես թե փոխադրվել է այլ դաշտ. համաշխարհային սարդոստայնում գիշեր-ցերեկ մշակվում են սիրային մարտավարություններ և ստրատեգիաներ: Այստեղ հանդիպում են ու բաժանվում կամ միանգամից կամ որոշ ժամանակ անց' միասին «ապրելով» վիրտուալ իրենց հարաբերությունը: Համացանցում տեղ կգտնի ցանկացած ֆանտազիա:

 

Սակայն շատ դեպքերում, ինչպես փաստում են ընտանեկան հոգեբանները, համացանցում ծանոթություն փնտրողների նպատակը մեկն է' «լրացնել» իրենց մենակությունը: Իհարկե հանդիպում են սեքսուալ որսորդներ, սակայն տղամարդկանց և կանանց մեծամասնությունը ձգտում է իրենց զույգ գտնել, որպեսզի հանգստյան օրերը կամ արձակուրդները միայնակ չանցկացնեն»: Ինչ-որ մեկը հույս ունի համացանցի միջոցով գտնել իր երկրորդ կեսին, քանի որ, թվում է, թե թեկնածուների անվերջ ցուցակները փորփրելիս վերջապես կգտնենք այն միակին:

 

Մի՞թե իրական կյանքում շփման համար ժամանակ չի մնացել: Նախկինում ծանոթության ամենահայտնիսերը համացանցում միջոցները աշխատանքի, ուսման վայրերն, սրճարաններն ու վերջապես փողոցն էին, սակայն այսօր ամեն ինչ փոխվել է: Բացի այդ' մեծ քաղաքում ապրող մարդկանց բնորոշ' սեփական անձի օտարումը դժվարեցնում է հավանական զուգընկերոջ որոնումը: Այդ պատճառով էլ համացանցը դարձել է երիտասարդության համար ծանոթության ամենահուսալի ու հեշտ միջոցը:
Համացանցում ընկերներ և ոչ միայն փնտրելիս փորձում ենք որքան հնարավոր է շահեկան տպավորություն գործել, որպեսզի արժանանանք ուշադրության և սիրո:

 

Ֆեյսբուքյան պրոֆայլներում նշված հոբբիները, սովորությունները, հետաքրքրությունները, տարիքն ու նախընտրած երաժշտությունն ու գրականությունն այնպես է ընտրվում, որպեսզի դրանք միանգամից ուշադրություն գրավեն: Չէ՞ որ բոլոր օգտատերերը ձգտում են այնպես անել, որպեսզի իրենց վիրտուալ կերպարը սեր ու հարգանք վայելի, լինի վարկանիշային ու գրավիչ:

 

Մեր մասին համացանցում խոսելիս մենք ներկայացնում ենք այն, ինչ ցանկանում ենք, այն, ինչ շահեկան ենք համարում: Իրական կյանքում էլ ենք նույնը անում: Այսինքն' այստեղ համացանցն ու իրական կյանքը շփման եզրեր ունեն: Սակայն արդյո՞ք իրական կյանքում նույնքան հաջողությամբ կարող ենք ինքներս մեզ շահեկան դիրքից ներկայացնել: Կասկածում եմ…

 

Իրական կյանքում մենք ենթագիտակցորեն թաքցնում ենք սեր գտնելու մեր սպասումներն ու հույսերը: Համացանցային հարաբերություններն այլ կերպ են ընթանում. մենք հստակ գիտենք, թե ինչպիսին պետք է լինի այն մարդը, ում հետ ցանկանում ենք ծանոթանալ:

 

 

Շարունակությունն՝ այստեղ: