Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը յուրահատուկ անակնկալ է պատրաստել կինոսերների համար: Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն դերասաններ Օռնելա Մուտին, Պատրիկ Շենեն և Նաստասյա Կինսկին: Այս մասին հուլիսի 2-ին տեղեկացրեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:


«Հայաստան են գալիս այնպիսի հրաշալի արտիստներ, ինչպես Քշիշտոֆ Զանուսսին, Ռոման Բալայանը, Ռոբեր Գեդիկյանը, Ռոբ Նիլսոնը: Հայաստան են գալիս նաև ֆրանսիացի դերասաններ Պատրիկ Շենեն, ով բազմաթիվ ֆիլմերում է նկարահանվել: Իսկ իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին այստեղ համաշխարհային կինոյում վաստակի համար մրցանակ է ստանալու: Հանճարեղ մի դերասանուհի էլ է գալու՝ Նաստասյա Կինսկին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը:

 

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան: Կցուցադրվեն նաև Նաստասյա Կինսկիի «Թես», «Փարիզ, Թեքսաս», «Մարիայի սիրեցյալները» ֆիլմերը: Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև Պատրիկ Շենեի մասնակցությամբ «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան:  

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։

 

«Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։