«Սիրո գերին» հեռուստասերիալի ավարտից հետո Լինային մարմնավորող դերասանուհի Էմմա Մանուկյանը հանդես կգա նոր հեռուստանախագծում: Այս մասին նա հայտնեց ESem.am-ի հետ զրույցում:


 

«Սերիալի վերջին նկարահանումներին զուգընթաց սկսվեցին նոր նախագծի նկարահանումները, այդ իսկ պատճառով էլ զբաղվածությունս շատ չնվազեց»,-ասաց Էմման:

 

 

Նա խոստովանեց, որ կարոտում է վերոնշյալ հեռուստանովելի բոլոր ընկերներին, դերասանական և տեխնիկական անձնակազմին: «Շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նման թիմի հետ, շատ կապված էի բոլորի հետ: Այնպիսի ջերմ մթնոլորտ, ինչպիսին ստեղծված էր այս նախագիծն իրականացնող թիմի ներսում,  դեռ չէի հանդիպել: Նկարահանման վերջին օրը բոլորս էլ տխրել էինք»,- պատմեց Էմման և ավելացրեց, որ իր կերտած կերպարին` Լինային, դեռ երկար կկարոտի, քանի որ շատ էր հարազատացել նրա հետ և չէր ուզում բաժանվել:

 

 

Դերասանուհին, սակայն, չցանկացավ բոլոր փակագծերը բացել նոր նախագծի վերաբերյալ, միայն նշեց, որ այն շատ հետաքրքիր է: «Շատ կարևոր, արդիական թեմայի շուրջ է նկարահանվում. անձամբ ես մեծ ոգևորությամբ եմ

աշխատում»,- 

նկատեց նա:

Ըստ Էմմայի` աշխատանքի պատճառով հաճախ չի կարողանում աղջկան ու ամուսնուն երկար ժամանակ տրամադրել, սակայն դրանից չի սրտնեղում: «Փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, բայց միշտ չէ, որ ստացվում է: Իհարկե, շատ ենք ուզում երեքով վայելել հանգիստը: Հուսով եմ՝ կկարողանանք կազմակերպել մեր ընտանեկան արձակուրդը, բայց եթե նկարահանումները թույլ չտան, հոգ չէ: Ինձ համար միշտ ավելի կարևոր է աշխատանքը: Հանգստանալ միշտ կհասցնենք: Ես հոգնում եմ ոչ թե աշխատելուց, այլ չաշխատելուց: Երեք օրից ավելի հանգստանալն ու չաշխատելը ինձ համար լուրջ դեպրեսիայի առիթ է»,- եզրափակեց Էմման:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը